Հինգշաբթի, 9 Ապրիլի 2020 17:56
Ալինա Հովհաննիսյան

Ընդհանուր առմամբ, ՀՀ բանկերում հասանելի կլինի շուրջ 1 մլրդ դրամ սոցփաթեթի հակաճգնաժամային միջոցառումների համար

Ընդհանուր առմամբ, ՀՀ բանկերում հասանելի կլինի շուրջ 1 մլրդ դրամ սոցփաթեթի հակաճգնաժամային միջոցառումների համար

Արմինֆո. Ընդհանուր առմամբ, ՀՀ բանկերում սոցիալական նշանակության հակաճգնաժամային միջոցառումների 3 փաթեթ իրականացնելու համար հասանելի կլինի 928 մլն դրամ: Այդ մասին ապրիլի 9-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հաղորդել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։

Մասնավորապես, նա հստակեցրել է, որ ֆինանսավորումը կարող են ստանալ 4-րդ (աշխատանք կորցրած և մինչև 14 տարեկան երեխաներ ունեցող), 6-րդ (կորոնավիրուսի  առնչությամբ աշխատանքը կորցրած) և 7-րդ (հղի կանանց համար) միջոցառումների փաթեթների շահառուները: Նախարարն ընդգծել է, որ 4-րդ և 6-րդ փաթեթով շահառուներն արդեն ստանում են նախատեսված աջակցությունը:

 

Ըստ Բաթոյանի, 7-րդ փաթեթով հայտեր ստացվել են 15 հազար կանանցից, որոնցից, ըստ ներկայացված պահանջների, շահառուներ են դարձել 3.7 հազար կանայք, որոնք արդեն վաղը կարող են ստանալ միանվագ նպաստ 100 հազար դրամի չափով: "Մնացած հայտերն ուսումնասիրման փուլում են", - նշել է գերատեսչության ղեկավարը:

 

Միաժամանակ, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը նշել է, որ հակաճգնաժամային միջոցառումների 8-րդ փաթեթում ընդգրկվելու հայտեր (վարձու աշխատողներին տրվող միանվագ նպաստները եւ տնտեսական գործունեության ամենախոցելի ոլորտների ԱՁ-ները) հնարավոր կլինի ներկայացնել ապրիլի 10-ից:

 

Նշենք, որ միանվագ սոցիալական նպաստներ ստանալու հայտերի ներկայացման կարգի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ հետևյալ հղումով՝ https://dimum.ssa.am/.-