Երկուշաբթի, 13 Ապրիլի 2020 15:36

Պատգամավորն առաջարկում է Հարկային օրենսգրքում փոփոխություններ մտցնել  ամորտիզացիոն մասհանումների մասով

Պատգամավորն առաջարկում է Հարկային օրենսգրքում փոփոխություններ մտցնել  ամորտիզացիոն մասհանումների մասով

Արմինֆո. ԱԺ <Իմ քայլը> խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը Facebook-ի միջոցով դիմել է այն գործարարներին, ովքեր ծրագրում են կապիտալ ներդրումներ կատարել։

 

<Ուզում եմ տեղեկացնել, որ շրջանառության մեջ եմ դրել Հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծ, որը հնարավորություն կտա մինչեւ 2020 թվականի դեկտեմբերի 31-ը կատարվող ներդրումների համար ծախսագրումները (ամորտիզացիոն մասհանումները) կատարել ոչ թե սահմանված նվազագույն ժամկետներում, այլ որոշել սեփական հայեցողությամբ (առնվազն մեկ տարում): Այսինքն, սրանով ժամանակավորապես ներդրվում է արագացված ամորտիզացիայի գործիք, որը լրացուցիչ խթան կլինի ներդրողների համար եւ կշահագրգռի ներդրումների կատարումը տեղափոխել ավելի մոտ ժամանակահատված: Նշեմ նաեւ, որ արագացված ամորտիզացիայի այս գործիքը, ճգնաժամային իրավիճակներում կիրառվել է տարբեր ժամանակներում տարբեր երկրներում: Այսօր էլ, կորոնավիրուսով պայմանավորված հակաճգնաժամային փաթեթներում որոշ երկրներ կիրառում են այն: Ուրախ կլինեմ լսել բոլորիդ կարծիքներն ու դիտարկումները։ Սակայն խնդրում եմ դրանք ինձ ուղարկել էլեկտրոնային փոստով՝ [email protected]>,- գրել է նա։