Չորեքշաբթի, 15 Ապրիլի 2020 15:51
Ալինա Հովհաննիսյան

Էկոնոմիկայի նախարարությունն ակնկալում է, որ Հայաստանի վարկունակության մակարդակի նվազումն ավելի ցածր կլինի, քան տարածաշրջանում

Էկոնոմիկայի նախարարությունն ակնկալում է, որ Հայաստանի վարկունակության մակարդակի նվազումն ավելի ցածր կլինի, քան տարածաշրջանում

Արմինֆո. Վարկունակության մակարդակի նվազման տեսանկյունից Հայաստանը վատ վիճակում չէ՝ համեմատած տարածաշրջանի մյուս երկրների հետ։ Ապրիլի 15-ին միասնական տեղեկատվական կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այդպիսի կարծիք է հայտնել ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանը՝ խոսելով միջազգային վարկանիշային կազմակերպությունների կողմից երկրի գնահատման ազդեցության մասին։

 

Այս առնչությամբ նա հիշեցրել է, որ Հայաստանը տարածաշրջանի միակ երկիրը չէ, որի վարկանիշը, ըստ վերջիններիս վերլուծության, իջեցվել է ։ Սակայն, փոխնախարարն ընդգծել է, որ ընդհանուր բացասական գնահատականի դեպքում վարկանիշային կազմակերպությունները բարձր են գնահատել ՀՀ կառավարության գործողությունները, որոնք, ըստ նրանց, համահունչ են իրավիճակի զարգացմանը ՝ ինչպես արագության, այնպես էլ դրված նպատակների առումով:

 

"Այստեղ պետք է հասկանալ, որ, գուծնականում, ողջ աշխարհը գտնվում է նման վիճակում։ Բայց, հաշվի առնելով կառավարության գործողություններն ու տնտեսության կառուցվածքը, ամենայն հավանականությամբ, Հայաստանի վարկունակության մակարդակի նվազումը շատ ավելի ցածր կլինի, քան տարածաշրջանում՝ ընդհանուր առմամբ", - ընդգծել է Ավանեսյանը։

 

Հիշեցնենք, որ վերջերս Fitch Ratings միջազգային վարկանիշային ընկերությունը վերանայել էր Հայաստանի թողարկողի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշների կանխատեսումը "կայունից" "բացասական" ՝ միաժամանակ պահպանելով վարկանիշը "BB-"մակարդակում: Վերանայել էր նաեւ Հայաստանի ՀՆԱ-ի 2020 թվականի աճի կանխատեսումը՝ մինչև 0,5 տոկոս դանդաղման ուղղությամբ ։