Չորեքշաբթի, 15 Ապրիլի 2020 16:22
Մարիաննա Մկրտչյան

Կրեմլ. ԵԱՏՄ-ում ռուսական գազի գնի հարցը կմշակվի փորձագիտական մակարդակով

Կրեմլ. ԵԱՏՄ-ում ռուսական գազի գնի հարցը կմշակվի փորձագիտական մակարդակով

Արմինֆո. ԵԱՏՄ-ում ռուսական գազի գնի հարցը մշակվելու է փորձագիտական մակարդակով։ Այդ մասին լրագրողներին հաղորդել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով կորոնավիրուսի համավարակի պայմաններում գազի ավելի ճկուն գների անհրաժեշտության վերաբերյալ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությունը։

 

"Դա ԵԱՏՄ-ում փորձագիտական մակարդակով բանակցությունների հարց է։ Հարցը դրված է ԵԱՏՄ շրջանակներում, այն կարող է դրվել։ Այն կմշակվի", - ըստ ՏԱՍՍ-ի՝ ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

 

Լուկաշենկոն երեքշաբթի ԵԱՏՄ գագաթնաժողովում հայտարարել էր, որ քանի դեռ Միության երկրները դուրս չեն եկել ընդհանուր էներգետիկ շուկաներ, եւ ստեղծված ճգնաժամային իրավիճակում, այդ թվում ՝ համավարակի առնչությամբ, բնական գազի գինը պետք է լինի ավելի ճկուն, հարմարվողական, իսկ հաշվարկների մեխանիզմը՝ ի նպաստ սպառողների: Նա նաեւ դիմել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, որպեսզի հնարավոր լինի օպերատիվ կերպով քննարկել այդ հարցը:

 

Ապրիլի 9-ին Բելառուսի էներգետիկայի նախարար Վիկտոր Կարանկեւիչը հաղորդել էր, որ Մինսկը նախաձեռնում է հանրապետության համար ռուսական գազի գնի իջեցման հարցը՝ էներգառեսուրսների, այդ թվում՝ բնական գազի համաշխարհային գների նվազման ֆոնին: Ավելի վաղ Լուկաշենկոն հայտարարել էր, որ ռուսական գազը հանրապետության համար ներկայիս պայմաններում պետք է արժենա մոտ 40-45 դոլար՝ 1000 խմ դիմաց, այլ ոչ թե՝ 127 դոլար, ինչպես նախկինում էին պայմանավորվել:

 

Ավելի վաղ հայկական կողմը նույնպես բարձրացրել էր Հայաստանի համար գազի գնի իջեցման հարցը։ Մասնավորապես,  փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նամակ է հղել "Գազպրոմի" վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին, առաջարկելով բանակցություններ սկսել գազի գնի իջեցման շուրջ ՝ կապված երկրի սոցիալ-տնտեսական զարգացման վրա կորոնավիրուսի բացասական ազդեցության հետ ։ Միաժամանակ Երևանը Մոսկվային առաջարկում է ազգային արժույթով վճարելու հնարավորություն։ Հայաստանը Ռուսաստանից գազ է գնում  165 դոլարով՝ 1000 խմ դիմաց, Հայաստանի սպառողները, ընդ որում, 1000 խմ դիմաց 290 դոլար են վճարում "Գազպրոմ Արմենիա" ընկերությանը։

 

Դրանից հետո "Գազպրոմ Արմենիա" ՓԲԸ-ն հրապարակել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով դիմելու մտադրության մասին հաղորդագրություն՝ առաջարկելով հուլիսի 1-ից բարձրացնել գազի սակագինը:

 

Հարկ է նաև նշել, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 6-ին կայացած առցանց ասուլիսում տեղեկացրել է, որ գազի գնի հարցը քննարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր վերջին հեռախոսազրույցի ընթացքում, և վերջինիս խնդրել է միջամտել բանակցություններին ու աջակցել հայկական կողմի համար գազի գնի իջեցման հարցում: Ավելին, Փաշինյանը նաև տեղեկացրել է, որ ռուսական կողմին առաջարկել է գազի դիմաց փոխադարձ հաշվարկներում անցնել ռուբլու։