
Արմինֆո. Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, ինչպես նաև Ռուսաստանի ռազմավարական գործընկերը, հետևաբար մենք պետք է ունենանք գազի ամենացածր գինը։ Այդ մասին ապրիլի 22-ին լրագրողների հետ զրույցում ասել է "Լուսավոր Հայաստան" խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
Պատգամավորը, մասնավորապես, նշել է. "Գազի գնի բարձրացման մասին Ռուսաստանի հայտի հաջորդ օրն իսկ ենք հայտարարեցինք, որ այն պետք է մերժվի: Ելնելով այն հանգամանքից, որ, նախ, միջազգային շուկայում նավթի գներն ընկել են, երկրորդ՝ մենք խորը ճգնաժամի մեջ ենք։ Եթե մենք գտնվում ենք գործընկերային մի հարթությունում, ապա չենք կարող նման մոտեցում ցուցաբերել մեր գործընկերների նկատմամբ, առավել ևս՝ ճգնաժամի պայմաններում։ Եվ, այո, ռուսական կողմը պետք է հետ կանչի իր հայտը, իսկ եթե նա դա չանի, ապա Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) պետք է մերժի այն։ Հիմա նման հարցեր քննարկելու ժամանակը չէ", - եզրափակել է Մարուքյանը։
Հիշեցնենք, որ մարտի 31-ին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարել էր, որ կառավարությունը "Գազպրոմի" վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին նամակ է հղել գազի գնի նվազեցման շուրջ նոր բանակցություններ սկսելու վերաբերյալ: Ապրիլի 2-ին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ստացել է "Գազպրոմ Արմենիա" ընկերության հայտը՝ գազի գինը վերանայելու վերաբերյալ:
Ապրիլի 21-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ համագործակցությունը պետք է դրսևորվի բոլոր մակարդակներում։