18:09
 Չորեքշաբթի, 22 Ապրիլի 2020 18:09
Ալինա Հովհաննիսյան

Հետազոտություն. ԵԱՏՄ-ում ցորենի հավելուրդը 2020 թվականին կկազմի 46 մլն տոննա

Հետազոտություն. ԵԱՏՄ-ում ցորենի հավելուրդը 2020 թվականին կկազմի 46 մլն տոննա

Արմինֆո. ԵԱՏՄ շրջանակներում անցկացվող հետազոտության արդյունքները հիմք են տալիս կանխատեսելու ցորենի հավելուրդը, որի ծավալը 2020 թվականի արդյունքներով կկազմի 46 մլն տոննա, եւ դրա գրեթե 90 տոկոսը բաժին է ընկնում ռուսական շուկային: Այդ մասին ապրիլի 22-ին Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը։

 

Խոսելով Հայաստանի մասին՝ փոխնախարարը նշել է, որ Հայաստանում ցորենի ցանքատարածությունը կազմել է 52.5 հազար հա, որի բերքահավաքը մեկնարկելու է արդեն մայիսին։ Վկայակոչելով հետազոտության արդյունքները՝ Խոջոյանն ընդգծել է նաև, որ եվրասիական տարածքում շաքարի հավելուրդը սպասվում է 510 հազար տոննա ծավալով:

 

Ընդ որում, նա հայ արտադրողների ուշադրությունը հրավիրել է այն հանգամանքին, որ ԵԱՏՄ-ում առկա է 1.3 մլն տոննա բանջարեղենի և 8 մլն տոննա պտղատու մշակաբույսերի լրացուցիչ պահանջարկ, ինչը վերջիններիս համար հնարավորություն է իրենց արտադրանքի արտահանման ծավալների մեծացման համար:

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հայտարարել էր, որ 2020 թվականին աշնանացան ցորենի բերքը կկազմի 155 հազար տոննա: Հավելենք, որ գյուղատնտեսական արտադրանքի առյուծի բաժինը Հայաստանն արտահանում է ԵԱՏՄ շուկա, մասնավորապես՝ ՌԴ։