
Արմինֆո.Կառավարության որոշմամբ «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ 2020 թ. պահպանման ծախսերը ֆինանսավորելու նպատակով Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին կհատկացվի 74,972.4 հազ. դրամ: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, այդ մասին որոշումը կայացվել է կառավարության այսօրվա նիստում:
Հիմնավորման համաձայն՝ Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնում առկա են ինչպես դեղի արտադրության, այնպես էլ ախտորոշման փուլերի համար նախատեսված թանկարժեք սարքավորումները: Ի սկզբանե, նախատեսված է եղել կենտրոնը գործարկել 2014 թ.-ին: Կենտրոնը ներառված է «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թթ. ծրագրում, սակայն մասնավորեցումը հնարավոր կլինի իրականացնել միայն գործարկմանը պատրաստ լինելու դեպքում: Հատկացվող գումարը նախատեսված է ոչ միայն պահպանման ծախսերի այլև՝ նախապատրաստական աշխատանքներն ավարտելու համար։
Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով որոշմանը, նշել է, որ անցյալ տարի կենտրոնում տեղի է ունեցել իզոտոպների առաջին արտադրությունը, որն օգտագործվում է քաղցկեղային հիվանդությունների վաղ ախտորոշման համար:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հավաստիացրել է, որ եթե կորոնավիրուսի համավարակը չլիներ, ապա այս կենտրոնն արդեն կաշխատեր և կկատարեր իրական հետազոտություններ: «Առաջ, երբ մենք այս կենտրոնը չունեինք, մեր քաղաքացիներն այլ երկրներ էին գնում, հետազոտվում, ուստի մեզ համար օրվա խնդիր է պակասող սարքավորումները Երևան հասցնելն ու կենտրոնը գործարկելը: Իսկ եթե որոշում կայացվի, որ պետությունն է ղեկավարելու այս հիմնարկը, ապա մենք պատրաստ ենք ստանձնել այս կենտրոնի տնօրինման լիազորությունները»,-ասել է նախարարը՝ հավելելով, որ այս ծառայության ապահովումը շատ կարևոր է Հայաստանի Հանրապետության և առողջապահության ոլորտի համար:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ տեղեկացրել է, որ կենտրոնի հետ կապված կա արբիտրաժային գործ և հիմա ընթանում են բանակցություններ այն կողմի հետ, որը պետք է ստանձնի ղեկավարումը: «Այնուամենայնիվ, մեր կարծիքով, որոշակիորեն պայմանագրային դրույթների խախտումներ են տեղի ունեցել և այդ պայմանագրի հետ կապված կան խնդիրներ: Բայց գործընթացը շարունակվում է, կենտրոնը պետք է գործարկվի: Ընդհանուր առմամբ, կարելի է ասել իրավական խնդիրները վերջնականորեն հանգուցալուծելուց հետո մենք կունենանք հիմնականում երկու տարբերակ, որոնց մասին այս փուլում չէի ցանկանա բարձրաձայնել, բայց, այնուամենայնիվ որոշակի լուծումներ ունենք»,-ասել է փոխվարչապետը:
Վարչապետի խոսքով՝ կառավարությունը 2018թ. սկսած աջակցել է այդ հարցում և ուրախ է, որ այդ ներդրումը կոնկրետ արդյունք է ունեցել. «Պետք է շնորհակալություն հայտնել կոլեկտիվին, որովհետև սա շատ երկար տարիների պատմություն է, և շատ քչերն էին ի վերջո հավատում, որ այս կետին կհասնենք: Եվ աշխատանքային խմբին եմ ուզում շնորհակալություն հայտնել, որ հետևողականության, համառության շնորհիվ կարողացան այս կետին հասնել»: