
Արմինֆո."Գալաքսի" ընկերությունների խմբի համահիմնադիր, «Յուքոմ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանն այսօր հայտարարություն է տարածել, որում իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչներին մեղադրել է սեփականատերերի նկատմամբ ճնշման փորձերի մեջ՝ ընկերության օտարում հարկադրելու նպատակով: ԱրմԻնֆո-ն ներկայացնում է նամակի հիմնական կետերը' պահպանելով ոճաբանությունը:
Նամակում, մասնավորապես, ասվում է, որ վերջին շրջանում երկրի բարձրաստիճան անձանց մակարդակով ուղղակի և անուղղակի (այդ թվում ՝ հանդիպումների ժամանակ) իրեն ներկայացվել է «Յուքոմ» ընկերությանը օտարելու պահանջ ՝ հանրային ճնշմամբ ուղեկցվող ոչ շահավետ առաջարկի հիման վրա։ Բացի այդ, ներկայացված պահանջի մի մասը դարձել է նաև հայկական առաջատար ՏՏ ընկերության՝ IUNetworks-ի օտարման պահանջը ։ "Ողջ գույքի, այդ թվում՝ ընկերությունների բաժնետոմսերի վրա դրված ապօրինի կալանքը դարձել է անօրինական գործողությունների շղթայի մի մասը ։ Նաև սպառնալիքներ են հնչել ընկերություններում անվերահսկելի իրավիճակ ապահովելու վերաբերյալ, ինչի արդյունքում, նրանց խոսքով, ստիպված կլինենք համաձայնել վաճառքի և, նույնիսկ, ամենացածր գնով, - գրել է Գ Խաչատրյանը, հավելելով, - իսկ չհամաձայնվելու դեպքում հստակ հայտնել են, որ կարճ ժամկետում ինձ մեղադրելու են առանձնապես ծանր հանցագործության կատարման մեջ և կալանավորելու, որին հետևելու է նույնաբնույթ գործողությունների իրականցումը եղբորս, ընտանիքի այլ անդամների, ազգականներիս, մտերիմնեիս, ինչպես նաև մեզ հետ առնչվող այլ անձանց նկատմամբ"։
Հայտարարության մեջ նաեւ ասվում է. "Ու քանի որ իրավական եղանակով պաշտպանվելու գործիքակազմը երկրի ներսում սպառվել է, մենք ստիպված են հանրայնացնել այս գործընթացը և դիմել միջազգային հարթակների։ Հանգամանքերից ելնելով` այսօր հանրայնացնում ենք միայն մեկ դիպվածի մասին, սակայն, պետք է իմանաք, որ հատվել են իրավական ու բարոյական սահմաններ, ինչն ամբողջությամբ արձանագրված է ու ինչը դեռ կներկայացնենք։ Կոչ ենք անում ՀՀ-ում դիվանագիտական առաքելություն իրականացնող դեսպաններին, ՀՀ-ում գործող տեղական և միջազգային բիզնես ասոցացիաներին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին և իրավապաշտպան կազմակերպություններին հետևել այս գործընթացին և գնահատականներ տալ։ Պահանջում ենք անհապաղ դադարեցնել ապօրինությունները և տեղեկացնում, որ ճնշումների, սադրանքների, պետական որոշ լծակների ոչ իրավաչափ կիրառման միջոցով իրականացվող ճնշումներին տեղի չենք տալիու։ Վստահ եմ, որ մեր հենքը օրինական է, բարոյական ու մենք չեն դարձնելու 12 տարվա ինստիտուցիոնալ կառույցը՝ իր սոցիալական կապիտալով ու մարդկային ճակատագրերով, սակարկությունների առարկա անգամ ամենածանր ճնշումների պարագայում։ Ucom-ը չի վաճառվում ու մեր արժանապատվությունը սակարկության չի դրվում"։
Նամակի հեղինակները նաեւ հիշեցնում են. "Գալաքսի" ընկերությունների խումբը հիմնադրվել է 1999թ.-ին Գուրգեն, Արտյոմ և Արամ Խաչատրյանների կողմից և գործունեության 20 տարիների ընթացքում կարողացել է դառնալ երկրի թիվ մեկ գործատուներից մեկը՝ մոտ 3000 բարձր վարձատրվող աշխատակիցներով։ Ընկերությունների խումբը իր գործունեությամբ նաև զգալի ազդեցություն ունի երկրի ՀՆԱ-ի վրա, իսկ միջին ամսական աշխատավարձը 2018-ին 315,000 դրամ է եղել, որը բարելավվել է 2019-ին՝ դառնալով մոտ 370,000 դրամ։ «Գալաքսի» ընկերությունների խումբը իր ծառայությունների միջոցով մուտք է գործում ամեն երրորդ տնային տնտեսություն Հայաստանում, ինչպես նաև հանդիսանում է Հայաստանի խոշոր հարկատուներից մեկը՝ տարեկան 13-15 միլիարդ ՀՀ դրամ հարկային վճարումներով»։
Հավելենք, որ«Յուքոմ» ընկերության վերջնական շահառուն նախկին սուպերնախարար, ֆինանսների եւ պետեկամուտների նախարար Գագիկ Խաչատրյանի ընտանիքն է: Այսօր, ինչպես Գագիկ Խաչատրյանը, այնպես էլ նրա որդիներն ու զարմիկը ("Գալաքսի" սեփականատերերը) մեղադրվում են առանձնապես խոշոր չափերի յուրացման և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Գագիկ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (առանձնապես խոշոր չափերով գումար յուրացնելը կամ վատնելը) և 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ): Ամբողջ կյանքում լինելով պետական պաշտոնյա ՝ Խաչատրյանը դարձել է երկրի ամենահարուստ մարդկանցից մեկը։ «Յուքոմ» ընկերությունը մինչեւ "թավշյա հեղափոխությունը" վայելում էր հսկայական ոչ ֆորմալ արտոնություններ և բոլոր տարիներին, չնայած գործառնական շահույթին, աշխատում էր հսկայական հաշվեկշռային վնասներով և որպես հետևանք՝ չէր վճարում շահութահարկ։
Անցյալ ամիս «Յուքոմի» հիմնական սեփականատերերի եւ դրա հիմնադիրների՝ ընկերության բաժնետոմսերի 5.94%-ի սեփականատեր Եսայան եղբայրների միջեւ վեճ էր ծագել։ Եսայանները մեծամասնական բաժնետերերին 34 մլրդ դրամ են առաջարկել ընկերության ամբողջական փաթեթի համար, սակայն վերջիններս հրաժարվել են գործարքից։ Արդյոք այդ առաջարկը եղել է հօգուտ կոնկրետ անձանց, որոնց մասին, չնշելով անունները, իրենց հայտարարության մեջ գրում են Խաչատրյանները, հայտնի չէ ։
Հարկ է նշել, որ տարեսկզբին հայտարարվել էր երկրի մեկ այլ խոշորագույն հեռահաղորդակցային օպերատորի '"Beeline - Հայաստան" - ի գնման գործարքի քննարկման մեկնարկը, որը պատկանում է ՎԵՈՆ ընկերությունների խմբին: Գնորդի դերին հավակնում է հենց «Յուքոմը»։ Հայտը գտնվում է Հայաստանի հակամենաշնորհային մարմնի քննարկման փուլում։ Հնարավոր է, որ «Յուքոմի» շուրջ ստեղծված իրավիճակը ենթատեքստ ունի հայտարարված գործարքի կտրվածքով։ Բայց, դրա հետ մեկտեղ, ինչպես կարծում են ԱրմԻնֆո-ի փորձագետները, կոռուպցիայի դեմ պայքարի եւ Հայաստանի նախկին վերնախավի կողմից թալանված հսկայական միջոցների վերադարձման առումով, որի ակնհայտ եւ գրեթե գլխավոր ներկայացուցիչը համարվում է Գագիկ Խաչատրյանը, այսօրվա իրավիճակը կարող է դիտարկվել հենց այդ տեսանկյունից:
Ինչպես և պետք էր սպասել, «Յուքոմի» ղեկավարների՝ ի դեմս Խաչատրյանների, մեղադրական հայտարարությանն արձագանքել է Հայաստանի վարչապետի մամուլի ծառայության ղեկավար Մանե Գևորգյանը, ում «Ֆեյսբուքի» էջում զետեղված հայտարարությունում ասվում է. «Գագիկ Խաչատրյանի ընտանիքը ամենատարբեր առիթներով ի պատասխան ՀՀ վարչապետի այն ելույթներին, թե կոռումպացված պաշտոնատար անձանց, այդ թվում Պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի եւ նրա ընտանիքի կողմից Հայաստանի պետությունից եւ ժողովրդից թալանվածը կոպեկ առ կոպեկ պետք է վերադարձվի, հայաստանյան տարբեր պաշտոնյաների հետ իրենց նախաձեռնությամբ ունեցած շփումների ընթացքում պատրաստակամություն են հայտնել վերադարձնել իրենց թալանածը եւ վերականգնել պետությանը պատճառված վնասը: ՀՀ կառավարության ունեցած տվյալներով Գագիկ Խաչատրյանը եւ նրա որդիները ղեկավարել են Հայաստանում երկար տարիներ գործած կոռուպցիոն, մաֆիոզ համակարգ, ինչի արդյունքում կուտակել են մի քանի հարյուր միլիոն դոլարի ապօրինի հարստություն: Վարչապետի դիրքորոշումն այն է, որ այդ թալանվածը պետք է մինչեւ վերջ վերադարձվի պետությանը:
Ինչ վերաբերվում է UCOM ընկերությանը, նրա բաժնեմասերի օտարումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, հնարավոր է միայն ՀՀ կառավարության համաձայնությամբ: Այն բանից հետո, երբ ընկերության բաժնետերերի մեջ վեճ է ծագել եւ օրակարգում հայտնվել է բաժնետերերի կազմի փոփոխության հարց, կառավարության դիրքորոշումը եղել է այն, որ Խաչատրյանների բաժնեմասի վաճառքը հնարավոր կլինի միայն այն պարագայում, եթե այդ վաճառքի դիմաց ստացվող ողջ գումարը փոխանցվի Հայաստանի պետական բյուջե: Այս դիրքորոշումը ուժի մեջ է նաեւ այսօր՝ ապօրինի ծագմամբ ցանկացած գույքի պարագայում: Վարչապետի դիրքորոշումն այն է, որ եթե պարզվի, որ այս ողջ ընթացքում եղել են պաշտոնյաներ, ովքեր փորձել են այս գործընթացից անձնական օգուտներ ստանալ, նրանք պետք է պատասխան տան օրենքի առաջ նույն կերպ, ինչպես Խաչատրյանների մաֆիոզ համակարգի ներկայացուցիչները: Ասեմ նաեւ, որ վարչապետը մի քանի անգամ այդ թվում հրապարակային դժգոհություն է արտահայտել, որ հայտնի կոռուպցիոներների առնչվող քրեական գործերը չունեն հանրության կողմից ակնկալվող արդյունավետություն: Վարչապետը՝ առայժմ համբերատար, Հայաստանի իրավապահ համակարգից սպասում է արագ եւ կոնկրետ արդյունքների: Նշեմ նաեւ, որ կառավարությունը տեղեկություններ ունի, որ UCOM ընկերությունում կոռուպցիոն ծագման փայաբաժին ունի նաեւ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը եւ Խաչատրյանների դե յուրե փայաբաժնի մի մասի սեփականատերը հենց Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանն է: Վարչապետը ակնկալում է, որ իրավապահները պատշաճ քննության կենթարկեն նաեւ Սերժ Սարգսյանի ընտանիքի ղեկավարած կոռուպցիոն համակարգը, որը նույնպես արտահայտվել է տարբեր հաջողակ բիզնեսներում փայաբաժիններ ձեռք բերելով»: