Չորեքշաբթի, 29 Ապրիլի 2020 14:51
Դավիթ Ստեփանյան

Տնտեսագետ <Բանկային գաղտնիքի մասին> օրենքը Հայաստանի համար անհրաժեշտություն է

Տնտեսագետ <Բանկային գաղտնիքի մասին> օրենքը Հայաստանի համար անհրաժեշտություն է

Արմինֆո. Խորապես համոզված եմ մեր երկրի համար <Բանկային գաղտնիքի մասին> օրենքի անհրաժեշտության մեջ։ Առաջին հերթին հաշվի առնելով, որ այս օրենքը ներդրումների ներգրավման լրացուցիչ երաշխիք է, իսկ առկա պայմաններում նաեւ բանկերից միջոցների արտահոսքը կանխելու երաշխիք: ԱրմԻնֆո-ին այդպիսի  կարծիք է հայտնել Հայաստանի Կենտրոնական բանկի նախկին նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանը։

 

Սահմանադրական դատարանը հետաձգել է նախագահ Արմեն Սարգսյանի՝ այսօր նախատեսված դիմումի քննությունը. Ինչպես հայտնի է, նախագահը դիմել էր ՍԴ՝ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և դրան փոխկապակցված «Բանկային գաղտնիքի մասին» օրենքների սահմանադրականությունը պարզելու համար: Նիստը կկայանա հունիսի 16-ին:

 

<Բանն այն է, որ մեր հասարակության ընկալումներն ու ակնկալիքները այս փոփոխություններից էապես տարբերվում են օրենքով նախատեսված լուծումներից ։ Ինձ թվում է, որ իրավապահ մարմինների մի հատված  խնդրին մոտենում է սխալ կողմից ։ Նման պաշտոնյաները բավականին ագրեսիվ կերպով փորձում են արագ լուծումներ գտնել ՝ խորամուխ չլինելով  խնդրի էության մեջ։ Մինչդեռ, նման մոտեցումն իր էությամբ ապակառուցողական է և դրական արդյունքների չի հանգեցնում․ այն միայն ոչ էապես, բայց վնաս կհասցնի բանկային համակարգին>, - կարծում է փորձագետը ։

 

Ասատրյանի գնահատմամբ ՝ աշխարհի երկրների մեծ մասն այսօր <Բանկային գաղտնիքի մասին> օրենքներ չունի, քանի որ զարգացած երկրներում բանկային գաղտնիք հասկացությունը վերածվել է յուրօրինակ մշակույթի, եւ օրենսդրական կարգավորման կարիք չունի: Հետևաբար՝ շատ երկրներում բանկերը  բաց  են, և  համապատասխան տեղեկատվությունը, սկզբունքորեն, հասանելի է հարկային եւ իրավապահ մարմիններին։

 

<Ընդ որում, նման երկրներում զուգահեռաբար գործում են սեփականության իրավունքի պաշտպանության ամուր ավանդույթներ ։ Իհարկե, այդ թվում ՝ քաղաքացիների բանկային ավանդների վերաբերյալ ։ Այս ամենը աստիճանաբար ձևավորվել է տարիներ շարունակ և այսօր մշակույթն այն աստիճան է կայացված , որ օրենսդրական կարգավորման կարիք չկա։ Ցավոք, մեր երկիրը նման իրողություններից ու մշակույթից դեռ շատ հեռու է ։ Այս առումով հույս ունեմ, որ Սահմանադրական դատարանի դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ շատ հստակ կլինի>, - ամփոփել է տնտեսագետը ։