
Արմինֆո. Հայաստանի համար ճգնաժամային ժամանակը վկայում է այն մասին, որ մեզ պետք է շատ մեծ ուշադրություն դարձնել հողային բարեփոխումներին, եւ շրջանառության մեջ դնել շուրջ 200 հազար հա վարելահող, որն այսօր չի մշակվում:
<Ի՞նչ վիճակում է ԵԱՏՄ երկրների պարենային անվտանգության ոլորտը> տեսակամուրջի ժամանակ, պատասխանելով ԱրմԻնֆո-ի թղթակցի հարցին, այդպիսի կարծիք է հայտնել
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով նախարար Արտակ Քամալյանը, ով նախկինում զբաղեցնում էր ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնը։ <Այսօր դա սկզբունքորեն կարեւոր է>, - ընդգծել է նա:
Այս առնչությամբ նա նշել է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում ներկայումս մշակվում են հողային բարեփոխումների որոշակի փաթեթներ, որպեսզի ստեղծված ճգնաժամային պայմաններում նախաձեռնվեն ինստիտուցիոնալ փոփոխություններ, ինչը թույլ կտա արդյունավետ շրջանառության մեջ դնել չմշակվող հողակտորները:
Բացի այդ, նախարարը ուշադրություն է հրավիրել նաև այն հանգամանքի վրա, որ Հայաստանը ԵԱՏՄ շրջանակներում գործնականում միակ երկիրն է, որտեղ սննդամթերքը հարկվում է ԱԱՀ-ի 20% - ով, մինչդեռ այլ պետություններում գործում են ԱԱՀ-ի արտոնյալ դրույքաչափեր: <Ուստի այս առումով իմաստ ունի մտածել նաեւ սննդամթերքի հարկման մասով ինստիտուցիոնալ եւ օրենսդրական փոփոխությունների մասին>, - նկատել է Քամալյանը:
Նշենք, որ ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ հայտարարել էր ճգնաժամի պայմաններում ինստիտուցիոնալ բարեփոխումներ իրականացնելու անհրաժեշտության և նպատակահարմարության մասին: Այդ կապակցությամբ նա հայտնել է, որ այս պահին տնտեսական հարցերով օպերատիվ խմբի կողմից քննարկվում են տարբերակներ։
Հիշեցնենք, որ 2019թ. վերջին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում այդ ժամանակ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնը զբաղեցնող Արտակ Քամալյանը հայտնել էր, որՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ծրագրի շրջանակներում 2020 թվականին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը Արմավիրի մարզում կգործարկի <Հողային բանկեր> պիլոտային նախագիծը: Մասնավորապես, նրա խոսքով, <Հողային բանկեր> նախագծի կոնցեպտը ենթադրում է պետության միջոցով կապել գյուղատնտեսական արտադրողին եւ ներդրողին, որը շահագրգռված է հողի վարձակալությամբ: <Օրինակ՝ տարածաշրջանում կա գյուղապրանքներ արտադրող, որը մասնակիորեն կամ ամբողջությամբ չի օգտագործում իր հողերը, եւ պատրաստ է այն հանձնել երկարաժամկետ վարձակալության կամ վաճառել, բայց նման հնարավորություն չունի, այդ թվում՝ քանի որ փաստաթղթաշրջանառության մասով մեծ աշխատանք է սպասվում: Ահա այս հողային բանկը, պետության օգնությամբ կմիացնի այն ապրանքարտադրողներին, որոնք ցանկանում են իրենց հողերը վարձակալության հանձնել եւ շահագրգիռ ներդրողներին, որոնց հող է պետք արտադրության գործարկման համար>, - պարզաբանել Էր փոխնախարարը։ Ըստ Քամալյանի, պետությունն այդ գործարքում ստանձնում է երաշխավորի դերը, առաջին հերթին՝ ներդրողի համար, որպեսզի վարձատուն չխախտի պայմանավորվածությունները և հողը հետ չպահանջի նախկինում նախանշված ժամկետից շուտ, և, անշուշտ, հենց ֆերմերի համար ՝ պայմանագրի համաձայն վարձավճարի ապահովման տեսանկյունից: Բացի այդ, փոխնախարարը տեղեկացրել էր, որ արդեն մշակվել է հողերի արդյունավետ օգտագործման կոնցեպտ, եւ որոշ օրինագծեր, որոնք ՀՀ կառավարություն կներկայացվեն հաջորդ տարվա սկզբին: