20:06
 Հինգշաբթի, 30 Ապրիլի 2020 20:06
Ալինա Հովհաննիսյան

ԵՏՀ նախարարը նշել է Հայաստանի գյուղատնտեսության գլխավոր խնդիրները

ԵՏՀ նախարարը նշել է Հայաստանի գյուղատնտեսության գլխավոր խնդիրները

Արմինֆո. "Առաջին եռամսյակի արդյունքներով Հայաստանի գյուղատնտեսությունը դրսեւորել է դրական միտում՝ ցույց տալով մոտ 4 տոկոս աճ, հուսով եմ, որ այդ դինամիկան կպահպանվի նաև մինչև տարեվերջ", - հայտարարել Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով նախարար Արտակ Քամալյանը "Ինչպես են գործերը ԵԱՏՄ երկրների պարենային անվտանգության առնչությամբ" թեմայով տեսակամրջի ժամանակ՝ պատասխանելով Արմինֆո-ի թղթակցի հարցին:

 

Ընդ որում, նա ընդգծել է, որ կառավարությունը պետք է ուշադրություն դարձնի երկու բաղադրիչի՝ ներքին պահանջարկի բարձրացում եւ լոգիստիկ խնդիրների լուծում, ինչը Հայաստանի համար չափազանց կարեւոր է ոչ միայն ԵԱՏՄ, այլ նաեւ երրորդ երկրների շուկաներ դուրս գալու տեսանկյունից: Քամալյանն այս տեսանկյունից ուշադրություն է դարձրել զբոսաշրջային հոսքի սպասվող նվազեցմանը, և, որպես հետևանք, սննդամթերքի ներքին սպառման մակարդակի նվազմանը։ "Հնարավոր է, որ հաշվի առնելով գյուղատնտեսության առանձնահատկությունները, մասնավորապես, բավարար քանակությամբ ենթակառուցվածքների, պահեստային տարածքների, սառնարանային տնտեսությունների բացակայությունը, կարող են մեծ խնդիրներ առաջանալ։ Սակայն, ես գիտեմ, որ կառավարությունն այդ առումով արդեն աշխատում է և որոշակի քայլեր է ձեռնարկում", - նկատել է նա։

 

Մասնավորապես, ԵՏՀ նախարարը բարձր է գնահատել Հայաստանի իշխանությունների գործողությունները կորոնավիրուսի տարածման պայմաններում՝ սոցիալ-տնտեսական հետևանքները մեղմելու նպատակով: "Կառավարությունը ճիշտ ուղղությամբ է գնում և աջակցության միջոցները ժամանակին է ձեռնարկում։ Մասնավորապես, մեծ աշխատանք է կատարում և բարդ պայմաններում մեծ ռեսուրսներ է հատկացնում։ Կարծում եմ, որ կառավարության հակաճգնաժամային միջոցառումների փաթեթների արդյունքը դրական կլինի", - ընդգծել է Քամալյանը։