
Արմինֆո. Հայաստանի կառավարությունը պետք է աշխատի երկարաժամկետ հեռանկարով՝ չսահմանափակվելով իրավիճակային, այսրոպեական խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերով։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել < Իմ քայլը> խմբակցությունից ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Գևորգ Պապոյանը։
<Նույնիսկ կորոնավիրուսից առաջ առաջանցիկ զարգացում ունեին միայն այն երկրները, որոնք իրենց առջև երկարաժամկետ նպատակներ են դնում և այդ ուղղությամբ համապատասխան ռազմավարություններ իրականացնում։ Երկրներ, որոնք ցանկացած մաիրտահրավեր, ցանկացած խնդիր՝ որպես հնարավորություն են դիտարկում։
Այսօր նման մարտահրավերի առաջ են հայտնվել բոլորը ՝ առանց բացառության։ Եվ ես չեմ կարծում, որ այս վիճակից հաղթող դուրս գալ հնարավոր է՝ առանց երկարաժամկետ զարգացման ռազմավարությունների իրականացման>, - նշելս է նա ։
Այս առումով Պապոյանն առանձնացրել է կառավարության ծրագրերը, որոնք ուղղված են գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը ՝ արտոնյալ վարկավորման միջոցով։ Իր տեղեկությունների համաձայն՝ ոլորտում զբաղված քաղաքացիներն այսօր նման վարկեր են վերցնում բավականին մեծ ծավալներով։ Հաշվի առնելով բարենպաստ եղանակային պայմանները, այն, որ կորոնավիրուսի հետևանքով գյուղացիներ չեն մեկնել սեզոնային աշխատանքի, համապատասխանաբար, ցանքատարածությունների կտրուկ ավելացումը, ընթացիկ տարին, ըստ նրա կանխատեսումների, կդառնա գյուղմթերքի գերարտադրության տարի:
Այս առնչությամբ խորհրդարանականն արդեն ակնկալվող բարձր բերքի իրացման ռազմավարության մշակման անհրաժեշտություն է տեսնում: Պապոյանը տեղեկացրել է, որ արդեն կառավարությունում բարձրացրել է այդ հարցը եւ իր առաջարկությունները ներկայացրել։ Մասնավորապես՝ նա գյուղմթերք վերամշակող ձեռնարկություններին պետական աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտություն է տեսնում՝ առաջին հերթին նպատակ ունենալով խրախուսել նրանց հրաժարվելը ներմուծումից և տեղական արտադրանքի գնումը։
<Օրինակ ՝ գինիներ արտադրողներին անհրաժեշտ է լավ պայմաններով վարկավորել ՝ տակառների կամ ապակյա տարայի, պահածոների արտադրողներին ՝ մետաղական տարաների կամ համապատասխան սարքավորումների ձեռքբերման նպատակով։ Այսինքն՝ այն ամենի, ինչը կարող է կտրուկ ավելացնել գյուղմթերքի վերամշակումը։ Կառավարությունում արդեն դրական են արձագանքել մեր նախաձեռնություններին։ Այսօր զրոյական տոկոսադրույքով վարկեր արդեն տրամադրվում են ոչ միայն արտադրողներին, այլև գյուղարտադրանք մթերողներին ՝ տարաների ձեռքբերման և լրացուցիչ պահեստների կառուցման նպատակով>, - տեղեկացրել է նա ։
Պապոյանի կանխատեսմամբ ՝ իր հերթին հայկական արտադրանքի իրացման հիմնական շուկաներում սննդամթերքի պահանջարկը բավականին բարձր կլինի ՝ անկախ այն բանից, թե ինչպես կզարգանա կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը։ Ընդ որում, առկա իրավիճակում Հայաստանի արտադրողները լիովին ի վիճակի են սկսել յուրացնել նաեւ նոր շուկաները ։ Նրա գնահատմամբ ՝ գյուղմթերքի արտադրության եւ վերամշակման խնդիրն արդեն լուծվում է, հետևաբար՝ անհրաժեշտ է լուծել դրա իրացման խնդիրը ։ Նշելով, որ հանքարդյունաբերությունից հետո գյուղատնտեսությունը Հայաստանում երկրորդ տեղն է զբաղեցնում, խորհրդարանականն ընդգծել է այդ ուղղությամբ ողջ ներուժի օգտագործման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով առկա եւ բացվող հնարավորությունները:
<Կարծում եմ, որ գյուղատնտեսությունն ու վերամշակող արդյունաբերությունն այսօր կարող են դառնալ մեր տնտեսության զարգացման կարևորագույն ուղղություններից մեկը ։ Կորոնավիրուսը աստիճանաբար փոխում է աշխարհի առաջնահերթությունները։ Մարդիկ ավելի շատ շեշտը դնում են իրենց առողջության, հետևաբար առողջ և որակյալ սննդի վրա։ Հայաստանը կարող է եւ պետք է արձագանքի այդ գլոբալ միտումին էկոլոգիապես մաքուր եւ առողջ սննդի արտադրության աճով>, - ամփոփել է խորհրդարանականը։