Արմինֆո.Հետկորոնավիրուսյան շրջանում, Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) նախնական կանխատեսման համաձայն, Հայաստանում գործազուրկների թիվը կավելանա 40 հազարով, իսկ գործազրկության մակարդակը 17,7 տոկոսից կաճի մինչեւ 19 տոկոս: Այդ մասին մայիսի 4-ին ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Արման Ուդումյանը։
Այս տեսանկյունից, փոխնախարարի ասելով առավել կտուժեն սպասարկման, հասարակական սննդի կազմակերպման ոլորտները, շինարարական հատվածի որոշակի մասը։ Ընդ որում, Ուդումյանը նշել է, որ Հայաստանի գործազուրկների բանակը կհամալրեն նաեւ աշխատանքային միգրանտները: "Ուստի անհրաժեշտ է նախաձեռնել որոշակի քայլեր եւ մշակել ծրագրեր, որոնք թույլ կտան հասցեական օգնություն ուղղորդել ստեղծված պայմաններում տուժած շահառուների տարբեր խմբերին", - ընդգծել է նա: Այս համատեքստում փոխնախարարը նշել է, որ ապրիլի 1-ի դրությամբ, Աշխատանքի տեղավորման պետական գործակալության տվյալներով, Հայաստանում աշխատանք է որոնում 85 900 քաղաքացի։
Հաշվի առնելով երկրում գործազուրկների թվի սպասվող աճը' նախարարությունը մշակել է երկրում աշխատանքի տեղավորման խթանման 2 ծրագիր, որոնք այժմ գտնվում են կառավարությունում: Մասնավորապես, առաջին ծրագրի շրջանակում աշխատատեղերի ստեղծումը խթանելու համար նախարարությունը մտադիր է յուրաքանչյուր շահառուին վճարել աշխատավարձի 60%-ը (բայց ոչ ավելի, քան 85 հազար դրամ), եթե համավարակի պատճառով մինչև մարտի 16-ը աշխատանքը կորցրած քաղաքացին մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում աշխատանքի տեղավորվի՝ 8 ամսից ոչ պակաս ժամկետով: Պետությունը միջոցները կփոխանցի աշխատանքի 1-ին, 2-րդ, 7-րդ եւ 8-րդ ամիսների համար։ Ի սկզբանե, ըստ Ուդումյանի, նախատեսվում էր, որ շահառուների թիվը կկազմի 500 մարդ, սակայն հնարավորություն կա, որպեսզի այս ծրագիրն ընդգրկի ավելի մեծ թվով մարկանց:
Երկրորդ նախաձեռնության շրջանակում, փոխնախարարի խոսքով, կընդլայնվի նախկինում գործող ծրագիրը, որը վերաբերում է վճարովի հասարակական աշխատանքներին: Հաստատված ոլորտների թվին կավելանան անտառների վերականգնման աշխատանքները, անտառապատման աշխատանքները, անտառի խնամքը ։ "Ծրագրի ընդլայնման միջոցով մենք կկարողանանք ժամանակավոր աշխատատեղեր ապահովել գյուղական համայնքների բնակիչների համար, որոնք դասվում են բնակչության սոցիալապես անապահով խմբերին", - ասել է Ուդումյանը:
Նա նաեւ հաղորդել է, որ մշակման փուլում է եւս 2 ծրագիր, որոնք քննարկման կներկայացվեն մոտ 2 շաբաթ անց: