Չորեքշաբթի, 6 Մայիսի 2020 18:41
Ալինա Հովհաննիսյան

ՏԿԵ նախարարությունն ակնկալում է Չինաստանի դեսպանի աջակցությունը "Հյուսիս-Հարավ" ճանապարհի կապալառուի աշխատանքի վերսկսման հարցում

ՏԿԵ նախարարությունն ակնկալում է Չինաստանի դեսպանի աջակցությունը "Հյուսիս-Հարավ" ճանապարհի կապալառուի աշխատանքի վերսկսման հարցում

Արմինֆո. Ալինա Հովհաննիսյան: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը նամակ է հղել ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունին' "Հյուսիս-Հարավ" շինարարական նախագծի կապալառու չինական "Սինոհիդրո" ընկերության երկրից հեռանալուն առնչվող իրավիճակի կապակցությամբ: Այդ մասին մայիսի 6-ին հայտարարել է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ։

"Հուսով եմ, որ մոտ ժամանակներս մենք կկարողանանք հանդիպել դեսպանի հետ։ Մենք պետք է իմանանք կապալառուի՝ Հայաստան վերադառնալու հնարավորությունների և ժամկետների մասին", - ասել է նա։
Նախարարի խոսքով՝ համավարակը բարդացրել է իրավիճակը, եւ խնդիրներն օրեցօր կաճեն։ Այս առնչությամբ Պապիկյանը նկատել է, որ չինացի գործընկերների հետ համատեղ օրակարգ է եղել, բացի այդ, քննարկվել է աշխատանքների լրացուցիչ ծավալի հարցը:

"ՀՀ կառավարությունը կարեւորում է Հյուսիս-Հարավ ծրագրի իրականացման ժամկետները, եւ եթե մեր չինացի գործընկերները չկարողանան վերադառնալ, մենք պետք է նրանց հետ քննարկենք ստեղծված իրավիճակի լուծման այլ հնարավորություններ", - ընդգծել է նա:

Հիշեցնենք, որ Բավրայից (հայ-վրացական սահման) մինչև Մեղրի ձգվող "Հյուսիս-Հարավ"  556-կիլոմետրանոց մայրուղու շինարարությունը գնահատվում է ավելի քան 2 մլրդ դոլար: Միջանցքի շինարարությունն ի սկզբանե նախատեսվում էր ավարտել 2019 թվականին, սակայն այժմ ժամկետները հետաձգվում են ևս 7-10 տարով:

"Հյուսիս-Հարավ" ծրագրով Հայաստանի կառավարությունը հաշվարկել է 2,5 ԱՄՆ դոլարի նախնական խնայողություններ։ Ինչպես ակնկալում են Հայաստանի իշխանությունները, ծրագիրը թույլ կտա երկրին ապագայում մեղմել Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից շրջափակման հետեւանքները, տարանցիկ պետության դեր խաղալ տարածաշրջանի երկրների բեռնափոխադրումների գործում, ինչպես նաեւ միանալ Սեւծովյան օղակաձեւ ավտոմայրուղուն: