Արմինֆո. ՀՀ կառավարությունը հավանություն է տվել "Առողջապահության առաջնային օղակում ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման կատարելագործում" ծրագրի շրջանակում Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի (ԿԶԵՀ) դրամաշնորհային միջոցների տրամադրման շուրջ համաձայնագրի ստորագրմանը Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) հետ:
Հիշեցնենք, որ մայիսի 4-ին ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը հաղորդել էր, որ Հայաստանը դիմել է ԿԶԵՀ հակաճգնաժամային դրամաշնորհի համար: Նրա խոսքով՝ դրամաշնորհային միջոցները կուղղորդվեն Հայաստանի երեք մարզերում հիվանդանոցների եւ լաբորատոր հնարավորությունների վերազինմանը՝ համավարակի դեմ պայքարի պայմաններում:
Հիշեցնենք, որ ԵԱԶԲ-ի ներդրումային պորտֆելը Հայաստանում 01.04.2020 դրությամբ կազմում է 223,5 մլն դոլարի 14 նախագիծ, որն ընդգրկում է ընդհանուր ծավալի 2,6% - ը: ՀՀ-ում ԿԶԵՀ-ի ներդրումային պորտֆելը նույն ամսաթվի դրությամբ կազմում է 490 մլն դոլարի 3 նախագիծ ( ընդհանուր ծավալի 9%): Հայաստանի Հանրապետությունը Եվրասիական զարգացման բանկի լիիրավ անդամ է դարձել 2009 թվականի ապրիլին: Հայաստանի ներդրումը բանկի կապիտալում կազմում է 100 հազար դոլար:
Կայունացման եւ զարգացման եվրասիական հիմնադրամը (ԿԶԵՀ)՝ 8,513 մլրդ դոլարի չափով, ստեղծվել է 2009 թվականի հունիսի 9-ին Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության եւ Տաջիկստանի Հանրապետության կառավարությունների կողմից: ԿԶԵՀ-ի նպատակներն են աջակցել մասնակից պետություններին գլոբալ ֆինանսական ճգնաժամի հետեւանքների հաղթահարման, դրանց տնտեսական եւ ֆինանսական կայունության ապահովման եւ տարածաշրջանում ինտեգրացիոն գործընթացներին աջակցության գործում: ԿԶԵՀ-ի մասնակից պետությունները ԵԱԶԲ-ին օժտել են Հիմնադրամի միջոցների կառավարչի գործառույթներով եւ բանկի հետ կնքել են ԿԶԵՀ-ի միջոցների կառավարման համաձայնագիր: