Արմինֆո.«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն Եվրոպական ներդրումային բանկի կողմից ընտրվել է «Մասնավոր հատվածի ֆինանսավորում ՓՄՁ-ների և միջ-կապերի համար» ծրագրի 3-րդ փուլի գործընկեր ֆինանսական կառույց:
Այս ծրագրի շրջանակներում ֆինանսավորում կտրամադրվի գյուղատնտեսության, գյուղատնտեսական մթերքների վերամշակման, զբոսաշրջության, արտահանումը խթանող և արդյունաբերության ոլորտներում գործունեություն իրականացնող Հայաստանի Հանրապետության փոքր և միջին ձեռնարկություններին (ՓՄՁ) և Միջին կապիտալիզացիայի կազմակերպություններին (Միջ-Կապ):
Հատկանշական է, որ «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն Եվրոպական ներդրումային բանկի հետ սկսել է համագործակցությունը դեռևս 2015թ-ից, որի շրջանակում հաճախորդներին առաջարկել է մրցակցային պայմաններով վարկեր գյուղատնտեսության, գյուղատնտեսական մթերքի վերամշակման և տուրիզմի ոլորտներում:
Կարևորելով գյուղատնտեսության, զբոսաշրջության և հատկապես արտահանման խթանման դերը, «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն շարունակելու է ընդլայնել համագործակցությունը միջազգային կառույցների հետ՝ տնտեսվարողներին հնարավորինս բարենպաստ ֆինանսավորման պայմաններ առաջարկելու նպատակով։
Եվրոպական ներդրումային բանկը հանդիսանում է Եվրոպական միության խոշոր ֆինանսական կառույցներից մեկը և ունի շուրջ 60 տարվա փորձ նախագծերի ֆինսավորման ոլորտում: ԵՆԲ-ն իրականացնում է ֆինանսավորում նորարարական նախագծերի, ենթակառուցվածքների փոքր բիզնեսի և այլ ոլորտներում:
Արմսվիսբանկը հիմնադրվել է 2004թ-ին: Լինելով դինամիկ զարգացող ֆինանսական կառույց` Բանկն իր գործունեությունը ծավալում է կորպորատիվ և ներդրումային բանկային ծառայությունների ոլորտում` առաջարկելով միջազգային բանկային համակարգում ընդունված ինչպես ավանդական, այնպես էլ նորագույն ֆինանսական լուծումներ: Բանկը համագործակցում է նաև մի շարք այլ միջազգային կազմակերպությունների հետ, ինչպիսիք են` EBRD, ADB, KFW, IIB և այլ կազմակերպությունները: