Ուրբաթ, 8 Մայիսի 2020 16:34
Ալինա Հովհաննիսյան

Լիտվան եւ Հայաստանը կարևորում են ստեղծված իրավիճակում երկկողմ տնտեսական համագործակցության օրակարգի աշխուժացումը

Լիտվան եւ Հայաստանը կարևորում են ստեղծված իրավիճակում երկկողմ տնտեսական համագործակցության օրակարգի աշխուժացումը

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր տեսահանդիպում է ունեցել Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի հետ:

 

Ինչպես ԱրմԻնֆո-ին   հաղորդեցին կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, կողմերը մտքեր են փոխանակել իրենց երկրներում և աշխարհում կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի ուղղությամբ ձեռնարկվող քայլերի շուրջ: Այդ համատեքստում երկուստեք գոհունակությամբ հիշատակվել է Եվրոպական միության կողմից Արևելյան գործընկերության և մասնավորապես, Հայաստանին տրամադրվող օգնությունը:

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Հայաստանի կառավարության բարեփոխումների ընթացքն ու առաջնային ուղղությունները: Լիտվայի նախագահը բարձր է գնահատել բարեփոխումների իրականացման հարցում Հայաստանի իշխանությունների ցուցաբերած վճռականությունը: Նա իր աջակցությունն է հայտնել բարեփոխումների քաղաքականությանը և պատրաստակամություն հայտնել փորձագիտական օժանդակություն տրամադրելու հարցում:

 

Երկուստեք նշվել է ստեղծված իրավիճակում երկկողմ տնտեսական համագործակցության օրակարգի աշխուժացման կարևորությունը: Մասնավորապես, նշվել է ուղիղ չվերթի շուտափույթ վերագործարկման առաջնայնությունը: Անդրադարձ է եղել Հայաստան–ԵՄ հարաբերությունների օրակարգին: Կողմերը գոհունակություն են հայտնել այդ կապակցությամբ և ընդգծել տվյալ ուղղությամբ շարունակական քայլեր ձեռնարկելու պատրաստակամությունը:

 

Կողմերը փոխանակվել են պաշտոնական այց կատարելու հրավերներով: