Հինգշաբթի, 14 Մայիսի 2020 16:31
Ալինա Հովհաննիսյան

Բաբկեն Թունյան. Հակաճգնաժամային միջոցառումների համար պետության ծախսերի արդյունավետությունը միշտ չէ, որ կախված է դրանց մեծությունից

Բաբկեն Թունյան. Հակաճգնաժամային միջոցառումների համար պետության ծախսերի արդյունավետությունը միշտ չէ, որ կախված է դրանց մեծությունից

Արմինֆո. Հակաճգնաժամային միջոցաաառումների համար պետության ծախսերի արդյունավետությունը միշտ չէ, որ կախված է դրանց մեծությունից։ Մայիսի 14-ին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այդպիսի կարծիք է հայտնել տնտեսագետ, "Իմ քայլը" խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը, վկայակոչելով "Բարգավաճ Հայաստան" խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի վերջին հայտարարությունն այն մասին, որ ՀՀ տնտեսությունը օրական կորցնում է մոտ 40 մլն դոլար, մինչդեռ կառավարության հակաճգնաժամային միջոցառումների ընդհանուր փաթեթը կազմում է շուրջ 150 մլրդ դրամ:

 

"Ես չգիտեմ, թե ինչի հիման վրա է պարոն Մելքումյանը նման ցուցանիշներ հնչեցրել։ Բայց ուզում եմ ասել, որ հակաճգնաժամային միջոցառումների իրականացմանն ուղղորդված միջոցների վերաբերյալ բոլոր որոշումները կառավարությունը կայացնում է տնտեսական վերլուծությունների հիման վրա, եւ միշտ չէ, որ մեծ ծախսերն օգտակար են լինում", - ասել է Թունյանը։

 

Նա ընդգծել է, որ մեծ միջոցներ ծախսելուց առաջ պետք է հասկանալ, թե արդյոք տնտեսությունը կկարողանա դրանք կլանել։ "Օրինակ, երբ փակ են բոլոր տնտեսական օբյեկտները, տնտեսության մեջ ներդրված միջոցները ծախսելու տեղ չկա, այդ կերպ նրանք կարող են դուրս գալ արժութային շուկա՝ դոլար գնելու համար, ինչն, արդյունքում, կհանգեցնի ավելի վատ տնտեսական հետեւանքների", - պարզաբանել է պատգամավորը,  ընդգծելով, որ կառավարության որոշումները կայացվել են՝ հաշվի առնելով բոլոր գործոնները:

 

Այս համատեքստում նա վկայակոչել է 2009թ. փորձը, երբ համաշխարհային ճգնաժամի ժամանակ ՀՀ կառավարությունն ուղղորդեց 700 մլրդ դրամ, և, այնուամենայնիվ, տնտեսության անկումը գրանցվեց 14 տոկոսի մակարդակում։

 

Հիշեցնենք, որ նախօրեին "Բարգավաճ Հայաստան" խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Միքայել Մելքումյանը հայտարարել էր, որ Հայաստանի տնտեսությունն օրական կորցնում է մոտ 40 մլն դոլար, իսկ երկրի տնտեսության մեջ ներդրվել է ընդամենը 80 մլրդ դրամ (170 մլն դոլար): Պատգամավորը նշել էր, որ այդ տարբերությունը վերականգնելը շատ դժվար կլինի։ Մելքումյանը չէր բացատրել, թե որտեղից է վերցրել այդ թիվը։

 

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը մշակել է  հակաճգնաժամային 18 միջոցառում, որոնց շրջանակներում մայիսի 11-ի դրությամբ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց միջեւ բաշխվել է 70.3 մլրդ դրամ: