Արմինֆո. Ամենալավատեսական սցենարի դեպքում՝ Հայաստանի հիմնական զբոսաշրջային ոլորտի վերականգնում պետք է ակնկալել հաջորդ տարվա ապրիլին։ Մայիսի 19-ին խորհրդարանում զբոսաշրջային արդյունաբերության ներկայացուցիչների մասնակցությամբ աշխատանքային քննարկումների ժամանակ այդպիսի կարծիք հայտնել է ՀՀ զբոսաշրջության ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը։ Ընդ որում, նա ընդգծել է, որ այս տարվա օգոստոսի վերջից եւ սեպտեմբերի սկզբից արդեն հնարավոր է զբոսաշրջիկների ներհոսքի աստիճանական վերսկսում: Մասնավորապես, Ապրեսյանը նկատել է, որ կորոնավիրուսի համաճարակից ամենաուժեղ հարվածն ստացել է հենց զբոսաշրջության ոլորտը, որի սուբյեկտներն ամբողջությամբ զրկվել են եկամուտներից, եւ դա՝ շատերի վարկային եւ հարկային պարտավորությունների առկայության դեպքում: Ողջունելով համավարակի սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմացմանն ուղղված կառավարության միջոցառումները, որոնք, ըստ նրա, բավականին օպերատիվ են ձեռնարկվել, ֆեդերացիայի ղեկավարն ընդգծել է, որ պետական աջակցությունը, ինչպես պարզվեց, չի անդրադարձել զբոսաշրջության ոլորտին:
"Զբոսաշրջային ոլորտն ունի առանձնահատկություններ, և եթե մենք ուզում ենք, որ զբոսաշրջության ոլորտին աջակցության միջոցներն ավելի հասցեական լինեն, խիստ անհրաժեշտ է դրանք հաշվի առնել", - հայտարարել է Ապրեսյանը: Այդ կապակցությամբ նա ընդգծել է, որ Զբոսաշրջության ֆեդերացիան, վերլուծելով ոլորտի խնդիրները, մշակել է ոլորտի աջակցության առաջարկներ եւ դրանք ներկայացրել է կառավարության քննարկմանը:
Ֆեդերացիայի ղեկավարը նշել է, որ կառավարության բոլոր հակաճգնաժամային փաթեթները, որոնցից կարող էին օգտվել շուկայի խաղացողները, նպատակահարմար չեն եւ փոփոխությունների կարիք ունեն: Հետևաբար, ինչպես նշել է Ապրեսյանը, հակաճգնաժամային միջոցառումների առանձին փաթեթ մշակելու անհրաժեշտություն կա՝ կոնկրետ զբոսաշրջային ինդուստրիայի համար։
Բացի այդ, փորձագետը, որը երկար տարիներ ոլորտը ղեկավարել է Էկոնոմիկայի նախարարության կազմում, ընդգծել է, որ մինչեւ միջազգային զբոսաշրջության վերականգնումն անհրաժեշտ է աշխատել ներքին զբոսաշրջության խթանման ուղղությամբ, ինչը ենթադրում է ինստիտուցիոնալ մակարդակի փոփոխություններ: Այդ կապակցությամբ նա անդրադարձել է ոլորտի համար բարենպաստ հարկաբյուջետային քաղաքականության մշակման անհրաժեշտությանը։
Հաավելենք, որ ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների, զբոսաշրջային նպատակներով I եռամսյակում Հայաստան է այցելել 311 264 մարդ (տարեկան 14,6 տոկոս անկումով), իսկ մեկնել է 275 716 մարդ (տարեկան 13,3 տոկոս անկումով):