Հինգշաբթի, 21 Մայիսի 2020 12:14
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանը և Ռուսաստանը մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերել բարձր տեխնոլոգիաների եւ արդյունաբերության ոլորտում

Հայաստանը և Ռուսաստանը մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերել  բարձր տեխնոլոգիաների եւ արդյունաբերության ոլորտում

Արմինֆո. ՀՀ ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը հեռավար հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության առևտրի և արդյունաբերության նախարար Դենիս Մանտուրովի հետ:

 

Նախարար Մանտուրովը, հայկական կողմին հակիրճ ներկայացրել է, մինչ օրս բարձր տեխնոլոգիաների և արդյունաբերության ոլորտում  երկու երկրների կողմից իրականացվող ծրագրերի զարգացման դինամիկան, թիրախային ոլորտները և համագործակցության ընդլայնման հնարավորությունները: Մասնավորապես մատնանշել է տիեզերական արդյունաբերության ոլորտում նկատվող ակտիվ զարգացման դինամիկան, որը նշանավորում է Հայաստանում «Ռոսկոսմոսի» կողմից տիեզերական մոնիտորինգի կենտրոնի գործարկման ծրագրով:

 

Նախարար Արշակյանը իր ռուս գործընկերոջը ներկայացրել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գործունեության հիմնական ուղղությունները, կարևորել բարձր-տեխնոլոգիական և ռազմարդյունաբերական ոլորտների համագործակցության ուղղությունները, որոնք քննարկվել և արձանագրվել են հայ-ռուսական միջկառավարական տնտեսական և ռազմատեխնիկական հանձնաժողովների հանդիպումների ընթացքում:

 

Գործընկերներն արձանագրել են, որ Հայաստանը դեռ Սովետական միության տարիներից կուտակել է անհրաժեշտ գիտատեխնիկական և մարդկային ներուժ՝ ստեղծելու անհրաժեշտ տեխնիկական լուծումները փոխգործակցության հիմնական ուղղություններով:

 

Հանդիպման ավարտին նախարարները ձեռք են բերել մի շարք պայմանավորվածություններ, որոնք տեղակալների մակարդակով առաջիկայում կքննարկվեն աշխատանքային կարգով:

 

Հրաժեշտի խոսքում նախարար Մանտուրովը նշել է, որ ռուսական կողմը ընդլայնել է արտադրական հնարավորությունները և պատրաստ է Հայաստանին տրամադրել բժշկական պարագաներ՝ Կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով:

 

Նախարար Արշակյանը հույս է հայտնել, որ համատեղ ջանքերով աշխարհը կհաղթահարի Կորոնավիրուսով պայմանավորված դժվարությունները և մարդիկ կվերադառնան բնականոն կյանքի: