Արմինֆո. Հայաստանի տուրինդուստրիան ներկայացրել է իր առաջարկները պետության կողմից զբոսաշրջությանն աջակցելու անհրաժեշտ միջոցառումների վերաբերյալ, մասնավորապես, կորոնավիրուսի առնչությամբ ստեղծված իրավիճակի պատճառով ռիսկերի նվազեցման տեսանկյունից:
Ինչպես հաղորդում է Էկոնոմիկայի նախարարության մամլո ծառայությունը, հայրենական զբոսաշրջային ինդուստրիայի ներկայացուցիչները կառավարությունից պահանջում են անտոկոս վարկային միջոցներ եւ մեխանիզմների լրամշակում, որոնք նպատակաուղղված լինեն առավել տուժած եւ ժամանակի տեսանկյունից առավել դժվար վերականգնվող ոլորտների կարիքներին: Այդ մասին հայտարարվել է էնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի և զբոսաշրջության ոլորտի մասնավոր հատվածի ներկայացուցիչների կողմից ստեղծված աշխատանքային խմբի անդամների հանդիպման ժամանակ։
Ըստ հաղորդագրության, Խաչատրյանը կարևորել է ստեղծված իրավիճակում սերտ համագործակցությունը մասնավոր հատվածի հետ և աշխատանքների համակարգված իրականացումը։ Նա վիճակագրական տվյալներ է ներկայացրել հանդիպման մասնակիցներին Հայաստանի կառավարության կողմից հաստատված կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ծրագրերի ընթացքի վերաբերյալ։ Նշվել է զբոսաշրջության ոլորտի կողմից դիմումների թիվը, ինչպես նաև մերժված դիմումների քանակը և մերժումների հիմնական պատճառները։ Տիգրան Խաչատրյանը կարևորել է պետության կողմից արձագանքման ծրագրերից անցումը զարգացման բնույթի ծրագրերին։
Ոլորտի ներկայացուցիչները՝ ֆեդերացիաների, ասոցիացիաների, այլ կազմակերպությունների ղեկավարները, բարձրաձայնել են կառավարության կողմից ձեռնարկած կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումներով նախատեսված օժանդակության խնդիրները զբոսաշրջության ոլորտի համար, նաև ներկայացրել առաջարկներ` ուղղված զբոսաշրջության ոլորտի ռիսկերի մեղմմանը։ Մասնավորապես, առաջարկվել է անտոկոս վարկերով օժանդակել զբոսաշրջության ոլորտի մասնավոր հատվածի ներկայացուցիչներին և լրամշակել մեխանիզմներ, որոնք ուղղված կլինեն տնտեսության ամենատուժած և ամենաուշ վերականգնվող ոլորտի կարիքներին։
Էկոնոմիկայի նախարարը նախանշել է ոլորտի վերականգնմանն ուղղված կարճաժամկետ և երկարաժամկետ անելիքները, որոնք կնպաստեն Հայաստանի մրցակցային առավելությունների պահպանմանը և զարգացմանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև ներքին զբոսաշրջության խթանմանն ուղղված կառավարության հետագա քայլերի կարևորությունը։ Ոլորտի ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել հանդես գալ ներքին զբոսաշրջության խթանմանն ուղղված առաջարկներով։
Հիշեցնենք, որ նոր Հայաստանի մասին 100 փաստերին նվիրված ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել էր ներքին զբոսաշրջության խթանման միջոցով զբոսաշրջային ենթակառուցվածքների ամբողջական բեռնման անհրաժեշտությունը։ ՀՀ զբոսաշրջության ֆեդերացիայի փորձագետների կարծիքով, զբոսաշրջության ոլորտի հիմնական եկամուտների վերականգնում կարելի է ակնկալել 2021 թվականի ապրիլից: Նշենք, որ ըստ ՀՀ վճակագրական կոմիտեի տվյալների, I եռամսյակում զբոսաշրջության նպատակով Հայաստան է այցելել 311 264 մարդ (տարեկան 14,6 տոկոս անկումով), իսկ մեկնել է 275 716 մարդ (տարեկան 13,3 տոկոս անկումով):-