
Արմինֆո. Ավստրիական զարգացման բանկը կօգնի վեց երկրների ագրոհատվածին և ծառայությունների ոլորտին, այդ թվում՝ Հայաստանի: Սևծովյան առեւտրի եւ զարգացման բանկը (BSTDB) Ավստրիական զարգացման բանկի (OeEB) հետ 30 մլն եվրո ընդհանուր գումարի համաձայնագիր է ստորագրել, որը կուղղվի մասնավոր հատվածի նախագծերի եւ ներդրումային ծրագրերի ֆինանսավորմանը այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են՝ արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը եւ ծառայությունների ոլորտը: Այս մասին ասվում է BSTDB հաղորդագրության մեջ ։
Աղբյուրի համաձայն, միջոցները կուղղվեն նաեւ Ադրբեջանում, Վրաստանում, Հայաստանում, Մոլդովայում, Ուկրաինայում եւ Ալբանիայում շրջանառու կապիտալի եւ արտահանման ֆինանսավորման ապահովմանը:
Հիմնական շահառուները կլինեն փոքր եւ միջին ձեռնարկությունները (ՓՄՁ), որոնք ամենից շատ են տուժել համավարակի եւ այդ կապակցությամբ ձեռնարկված սահմանափակող միջոցների հետեւանքով: Նոր հիմնադրամը լրացուցիչ ռեսուրսներ կտրամադրի BSTDB-ի ջանքերի ֆինանսավորման համար՝ համավարակից հետո տնտեսության վերականգնմանն օգնելու համար անդամ երկրների կառավարությունների կողմից ձեռնարկվող միջոցներին օժանդակելու նպատակով։