Երեքշաբթի, 26 Մայիսի 2020 21:40
Ալինա Հովհաննիսյան

Սեյրան Սարգսյան. Հետկորոնավիրուսյան շրջանում բանկային համակարգը կբախվի չաշխատող վարկերի ծանրակշիռ աճի, բայց սահմանը կլինի թույլատրելի եւ միանգամայն կառավարելի

Սեյրան Սարգսյան. Հետկորոնավիրուսյան շրջանում բանկային համակարգը կբախվի չաշխատող վարկերի ծանրակշիռ աճի, բայց սահմանը կլինի թույլատրելի եւ միանգամայն կառավարելի

Արմինֆո.Կորոնավիրուսի առնչությամբ ստեղծված իրավիճակն ազդել է ֆիզիկական եւ իրավաբանական անձանց եկամուտների վրա, ինչը, անկասկած, չէր կարող չանդրադառնալ վարկավորման գործընթացի վրա: Այդ մասին մայիսի 26-ին կայացած առցանց մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը՝  պատասխանելով ԱրմԻնֆո գործակալության հարցին:

 

"Բնականաբար, բանկերն այժմ ի վիճակի չեն վարկավորել այն նույն ծավալներով, որոնք նախկինում կային կորոնավիրուսին առնչվող իրավիճակից առաջ։ Ֆինանսավորման գործընթացը կշարունակվի, սակայն հաճախորդների վճարունակության վատթարացումը կանդրադառնա վարկավորման ծավալների վրա", - պարզաբանել է նա։

 

Միաժամանակ, Սարգսյանը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ արտակարգ դրության ժամանակ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց տրամադրված վարկային արձակուրդներից հետո որոշ հաճախորդներ կբախվեն վարկային պարտավորությունների մարման դժվարությունների: "Դա, բնականաբար, լավագույն ձևով չի ազդի չաշխատող վարկերի ծավալի վրա։ Նշեմ, որ մինչև կորոնավիրուսը Հայաստանի բանկային համակարգի վարկային պորտֆելում չաշխատող վարկերի մասնաբաժինը կազմում էր 4-5% (չհաշված անհուսալի վարկերը - խմբ.), և պատմականորեն միշտ ավելի ցածր է եղել, քան այլ երկրներում։ Նույնիսկ այն դեպքում, եթե այդ ցուցանիշը մի քանի անգամ ավելանա, միևնույն է, այլ երկրների համեմատ այն կլինի թույլատրելի սահմաններում և միանգամայն կառավարելի։ Եվ սա այն հիմնական ազդեցություններից մեկն է, որին մենք բախվելու ենք հետկորոնավիրուսսսյան շրջանում ", - ընդգծել է Ս. Սարգսյանը:

 

Նշենք, որ մարտի 13-ից Հայաստանի բանկերը հայտարարել են 2-3 ամսվա վարկային արձակուրդի մասին

ֆիզիկական և իրավաբանական անձանց համար, որոնք ենթադրում են վճարումների հետաձգում

վարկի մայր գումարի և տոկոսագումարների մարումներ: Ընդ որում, հետաձգված

վճարումները կփոխանցվեն հետագա ամիսներին: Փորձագետների կարծիքով՝ դա մեծացնում է մարումների ամսական ծանրաբեռնվածությունը, ինչը կորոնավիրուսի համաճարակի պատճառով բարդ իրավիճակում հայտնված վարկառուի եւ այդ կապակցությամբ ձեռնարկված սահմանափակող միջոցների առնչությամբ բարդացնում է վարկային պարտավորությունները կատարելու հնարավորությունը: