Արմինֆո.Հայաստանի ֆինանսական համակարգում բարձր իրացվելիությունն ու կապիտալի բավարարությունը թույլ են տալիս դիմակայել ցնցումներին։ Հենց այդ բուֆերների շնորհիվ է, որ բանկերը կորոնավիրուսի համավարակի այս փուլում կարողացել են հաղթահարել դժվարությունները եւ օպերատիվ արձագանքել իրավիճակին՝ վարկառուներին տրամադրելով վարկային արձակուրդ:
Բանկային համակարգն այսուհետեւ էլ կկարողանա նորմալ ռեժիմով սպասարկել ինչպես վարկառուներին, այնպես էլ ավանդատուներին, եթե յուրաքանչյուրը ստեղծված իրավիճակին վերաբերվի բարձր սոցիալական պատասխանատվությամբ: Այս մասին մայիսի 27-ին առցանց մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ Կենտրոնական բանկի ֆինանսական կայունության դեպարտամենտի տնօրեն Անդրանիկ Գրիգորյանը՝ գնահատելով Հայաստանի ֆինանսական համակարգը համավարակի պայմաններում։
Նա ընդգծել է, որ ԿԲ-ն պատրաստ է լրացուցիչ իրացվելիություն տրամադրել, եթե նման անհրաժեշտություն առաջանա: Ա. Գրիգորյանը նկատել է. "Իրացվելիության բարձիկները, որոնք ունեցել են բանկերը, վարկային ընկերությունները եւ ապահովագրական ընկերությունները, նրանց հնարավորություն են տվել առաջինը կամավոր արձագանքել տնտեսության եւ ֆինանսական համակարգի բացասական երեւույթներին, որոնք առաջացել են համավարակի պատճառով եւ հանգեցրել են տնտեսական ակտիվության դանդաղեցման, տարբեր բիզնեսների փակման": Այդ կապակցությամբ նա նշել է, որ Հայաստանի բանկերը հայտարարված վարկային արձակուրդների շրջանակներում մարտի 13-ից մինչ օրս վերանայել եւ երկարացրել են 540 հազար ֆիզիկական անձանց եւ 17 հազար իրավաբանական անձանց վարկային պարտավորությունները, հնարավորություն տալով 3 ամսվա ընթացքում չկատարել վճարումներ տոկոսագումարների և վարկի հիմնական գումարի գծով: Նա նշել է, որ այժմ բանկերը, իրենց մոտեցումներին համապատասխան, շարունակում են վերանայել պայմանները:
ԿԲ ներկայացուցիչը, միունույն ժամանակ, հայտարարել է, որ 2020 թվականը մեծ նվաճումներով է սկսվել՝ ինչպես ֆինանսական միջնորդության, այնպես էլ նոր ֆինանսական գործիքների ներդրման առումով: Ռիսկերը, նրա հավաստմամբ, կառավարելի մակարդակում էին, քանի որ կարգավորիչը կարողացավ գնահատել այն իրավիճակի պոտենցիալ զարգացումը, որը կարող էր լինել ֆինանսական համակարգում, և արձագանքել մակրոպրուդենցիալ քաղաքականության գործիքների միջոցով։
"Հուսով եմ, որ մենք բոլորս, գիտակցելով համավարակով պայմանավորված ռիսկերը, կցուցաբերենք բարձր սոցիալական պատասխանատվություն՝ դրանք խորացնելուց խուսափելու համար, այսպիսով ֆինանսական համակարգին թույլ տալով հանգիստ աշխատել և հետագայում սպասարկել տնտեսությունը՝ առաջնորդվելով նույն սկզբունքներով և մոտեցումներով", - ընդգծել է նա: