
Արմինֆո. Հայաստանի Ազգային ժողովը հունիսի 3-ի նիստում երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ փոփոխություններ է կատարել <Սպառողական կրեդիտավորման մասին> օրենքում:
Պատգամավորներ Արտակ Մանուկյանի եւ Վարազդատ Կարապետյանի հեղինակած <Սպառողական կրեդիտավորման մասին> ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին> օրենքի նախագծի համաձայն՝ կրեդիտավորման պայմանագրում սպառողը ձեռագրով, իսկ էլեկտրոնային եղանակով պայմանագիր կնքելու դեպքում` էլեկտրոնային եղանակով տպագրելու միջոցով գրում է, որ գիտակցում է տարեկան փաստացի տոկոսադրույքի չափը` նշելով այդ տոկոսադրույքը: Կենտրոնական բանկն իր նորմատիվ իրավական ակտերով մինչեւ երեք ամիս ժամկետով կնքվող մինչեւ 300,000 ՀՀ դրամի չափով սպառողական կրեդիտների համար սահմանում է պարտադիր պահանջներ եւ պայմաններ, վարկավորման կանոններ` հիմք ընդունելով սպառողի վարկունակության, սպառողի պարտքի եւ եկամուտի հարաբերակցության, վարկը սպասարկելու սպառողի ունակության գնահատման չափանիշները:
Նախագիծը միտված է պաշտպանելու սպառողներին անբարեխիղճ գովազդից, կանոնակարգելու տոկոսադրույքների մասով մոտեցումները` դրանց հիմքում դնելով հաճախորդների` եկամուտներ գեներացնելու հնարավորությունը, ինչը նպատակ ունի նպաստել վարկունակության եւ ֆինանսական հատվածի առողջացման բարձրացմանը:-