
Արմինֆո. Հայաստանում կորոնավիրուսի համավարակի պատճառով 4 ամսվա ընթացքում աշխատանքից զրկվել է 12 հազար քաղաքացի։ Այդ մասին հունիսի 3-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՊԵԿ նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը։ Նա ընդգծել է, որ այս ցուցանիշով երկրում իրավիճակն այնքան էլ կրիտիկական չէ, քանի որ ստեղծված պայմաններում աշխատանքը պահպանած քաղաքացիների թիվը շատ ավելի մեծ է: Ինչպես նշել է Մանուկյանը, գործերն ավելի վատ են աշխատավարձերի հաշվարկման առումով։
Միաժամանակ, ՊԵԿ նախագահի տեղակալը նշել է, որ ստեղծված իրավիճակում որոշակի չափով դեր են խաղացել ՀՀ աշխատանքային օրենսգրքում կատարված փոփոխությունները, որոնց համաձայն , համավարակի պայմաններում գործատուի համար աշխատողի ազատման այլընտրանք կարող է լինել աշխատավարձի մասնակի վճարումը' աշխատած ժամերին համապատասխան:
Հիշեցնենք, որ Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) նախնական կանխատեսումներով ՝ Հայաստանում գործազուրկների թիվը հետկորոնավիրուսյան շրջանում կավելանա 40 հազարով, իսկ գործազրկության մակարդակը 17,7 տոկոսից կաճի մինչեւ 19 տոկոս: