
Արմինֆո. Հիմա բարեփոխումների ամենալավ շրջանն է։Այս մասին այսօր ԱԺ-ում հեռավար ռեժիմով ելույթի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՝ խոսելով 2019 թվականի պետական բյուջեի կատարման նախնական արդյունքների մասին։
<Ես ուզում եմ արձանագրել, որ 2019 թվականը բյուջետային առումով պատմական տարի էր Հայաստանի Հանրապետության համար, որովհետև Հայաստանի Հանրապետության կառավարությանը հաջողվեց ի սկզբանե նախատեսվածից 104 մլրդ դրամ ավելի հարկային եկամուտներ գեներացնել: Ընդ որում՝ այդ գումարներից 62 մլրդ դրամը դարձան պետական բյուջեի եկամուտներ, իսկ մոտավորապես 42 մլրդ դրամի չափով վերադարձվեց ավելացված արժեքի հարկի պարտքը՝ դեբետը, որը ձևավորվել էր մինչև 2017 թվականի հունվարի 1-ը, և սա, կարծում եմ, պատմական իրադարձություն էր: Արդեն հայտնի է, որ 2019 թվականին արձանագրվել է վերջին առնվազն 12 տարվա համար աննախադեպ՝ 7.6 տոկոս տնտեսական աճ, ունեցել ենք հարկեր-ՀՆԱ 22.35 տոկոս ցուցանիշ, որը 1.6 տոկոսային կետով գերազանցում է կանխատեսված և 1.4 տոկոսային կետով՝ 2018 թվականի համապատասխան ցուցանիշը>- ասել է վարչապետը։
Նրա խոսքով, 2018 թվականը պատմական էր Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության և, որ կարևոր է, Հայաստանի պատմության մեջ իր ժողովրդավարության մակարդակով աննախադեպ խորհրդարանական ընտրություններով: 2019 թվականը պատմական էր տնտեսական ակտիվության ցուցանիշներով և տնտեսության զարգացման գործում քաղաքացու և անհատի դերի մասնակցությամբ։
Վարչապետը պատմական է անվանել նաեւ կորոնավիրուսի դեմ պայքարը։ <Այսօր իմ համոզմունքն այն է, որ հիմա բարեփոխումների ամենալավ շրջանն է, որովհետև մենք տնտեսական և մյուս առումներով այլևս կորցնելու որևէ բան չունենք: 2019 թվականին մենք շատ զգույշ էինք, մենք կենտրոնացած էինք տնտեսական աճ, ակտիվություն, եկամուտներ ցույց տալու և ունենալու վրա: Բայց հիմա մենք մի վիճակում ենք, որ կորցնելու բան չունենք, ավելի ճիշտ՝ մեր այսօրը կորսված է, և մենք պետք է մտածենք վաղվա մասին>,- ասել է նա։