Արմինֆո. Հայաստանի որոշ սպառողների համար գազի սակագները մի փոքր կբարձրանան։ Այդ մասին հունիսի 8-ին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը։
Նրա խոսքով՝ սակագների վերաբերյալ ՀԾԿՀ-ի վերջնական որոշումը կկայացնի այս ամսվա ընթացքում, բայց՝ կոնկրետ երբ, Գարեգին Բաղրամյանը դժվարացել է հայտնել: Նա նշել է, որ դժվար թե հանձնաժողովի առաջարկած սակագները փոփոխության ենթարկվեն, սակայն դրանց շուրջ քննարկումները շարունակվում են ։ "Գազպրոմ Արմենիա" ընկերությունն առաջարկել է 1000 խմ-ի համար 283 դոլար միջին սակագին սահմանել՝ ներկայիս 255 դոլարի փոխարեն, իսկ հանձնաժողովը պնդում է 266,7 դոլար սակագին։ Ընդ որում, ինչպես նշել է ՀԾԿՀ ղեկավարը, ֆիզիկական անձանց համար գազի գինը չի փոխվի, կբարձրանան սակագները միայն ջերմոցային տնտեսությունների, վերամշակող ձեռնարկությունների եւ կազմակերպությունների համար, որոնք սպառում են ավելի քան 10 հազար խորանարդ մետր երկնագույն վառելիք (ջերմային էլեկտրակայաններ - խմբ.):
Գարեգին Բաղրամյանն ընդգծել է, որ "Գազպրոմ Արմենիա" ՓԲԸ-ի հետ կանխատեսվող սակագնի շուրջ բանակցություններ են ընթանում ընկերության մոտ 500 մլն դոլար արժողությամբ 10-ամյա ներդրումային ծրագրի շրջանակում: Նա նշել է, որ պատրաստվում է ներդրումային ծրագրի մեծ փաթեթ, եւ ընկերությունը ցանկանում է իմանալ առաջիկա տարիների համար կանխատեսվող մարժան: Շատ առումներով՝ մարժան կախված կլինի գազի գնից սահմանին: Գարեգին Բաղրամյանը դժվարացել է նշել առաջիկա տարիներին սահմանագծում կանխատեսվող գինը, քանի որ այդ հարցը ՀԾԿՀ-ի իրավասությունների մեջ չէ: Միեւնույն ժամանակ, նա նկատել է, որ ցանկացած պայմանագիր կարելի է փոխել, եւ դա կախված է կողմերի կամքից, տվյալ դեպքում ' Հայաստանի եւ Ռուսաստանի կառավարություններից:
Նշենք, որ ներկայում Հայաստանը Ռուսաստանից գազը ձեռք է բերում հազար խորանարդ մետրի դիմաց 165 դոլար գնով, ինչը, հայկական կողմի կարծիքով, անհիմն բարձր գին է: ՀԾԿՀ կայքում զետեղված տեղեկատվության համաձայն ՝ հանձնաժողովն առաջարկում է ֆիզիկական անձանց համար 139 հազար դրամի վերջնական սակագինը պահպանել՝ "Գազպրոմ Արմենիա" ընկերության առաջարկած 135 հազարի դիմաց: ՀԾԿՀ - ն նաև անհրաժեշտ է համարում անփոփոխ թողնել սոցիալապես անապահով խավերի համար սակագինը՝ 1000 խմ դիմաց 100 հազար դրամ: Միևնույն ժամանակ, մի փոքր կավելանա ջերմոցային տնտեսությունների կողմից սպառվող գազի սակագինը: Մասնավորապես, գազի մենաշնորհատիրոջ առաջարկած 283.14 դրամի փոխարեն ՀԾԿՀ - ն առաջարկում է սահմանել 224 դրամ սակագին՝ ներկայիս 212 դրամի փոխարեն: Գյուղմթերքի վերամշակման ձեռնարկությունների համար ներկայիս 212 դրամի փոխարեն հանձնաժողովը ընդունելի է համարում 224 դրամի տարբերակը' ընկերության առաջարկած 283.14 դրամի փոխարեն: Ջերմային էլեկտրակայաններին վաճառվող մինչեւ 10 հազար խորանարդ մետր բնական գազի սակագինը կմնա նույնը՝ 139 հազար դրամ հազար խորանարդ մետրի դիմաց՝ ընկերության առաջարկված 135.9 հազար դրամի փոխարեն: Ամսական 10 հազարից խմ-ից ավելի սպառողների համար կսահմանվի 255,92 դոլար՝ "Գազպրոմ Արմենիա" ՓԲԸ-ի կողմից առաջարկվող 283.14 դոլարի փոխարեն: