Արմինֆո. Առաջիկայում կառավարության հաստատմանը կներկայացվի կապիտալի շուկայի զարգացման ռազմավարությունը։ Այս մասին հունիսի 8-ին խորհրդարանական հանձնաժողովներում 2019 թվականի պետական բյուջեի կատարման վերաբերյալ նախնական հաշվետվության շուրջ լսումների ժամանակ հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ռազմավարությունը ներառում է չորս հիմնական բաղադրիչ՝թողարկող, ներդրող, կազմակերպված շուկա (բորսա) եւ օրենսդրական կարգավորում: Նախարարն ընդգծել է, որ ռազմավարության վերաբերյալ հիմնական քննարկումներն արդեն ավարտվել են: Դրանք անցկացվել են փոխվարչապետի եւ Կենտրոնական բանկի նախագահի մասնակցությամբ։ Ռազմավարությունը, Տիգրան Խաչատրյանի հավաստմամբ, կոչված է դառնալու Հայաստանում արժեթղթերի շուկայի զարգացման համար գործողությունների յուրօրինակ ծրագիր։
Հիշեցնենք, որ Համաձայն Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հետ ձեռք բերված համաձայնության՝ 2020 թ․ մարտի վերջին ՀՀ Կենտրոնական բանկը պետք ավարտին հասցներ կապիտալի շուկաների զարգացման ռազմավարության նախագիծը։ Ակնհայտ է, որ Հայաստանի տնտեսության զարգացման համար ներկայումս առավել կարևոր է նպաստել այնպիսի արժեթղթերի շրջանառությանը, որոնք դիտարկվում են որպես ներդրումային գործիքներ, այն է՝ պարտատոմսերը և բաժնետոմսերը։
ԱՄՀ վերջին զեկույցում(Country Report No. 19/397, Armenia : First Review under the Stand-By Arrangement, December 30, 2019) ասվում է, որ մշակվող ռազմավարությունը պետք է համալրվի բոլոր պատասխանատու կառույցների առաջարկներով, վերանայվեն համապատասխան իրավական, կառավարման և հարկային բաղադրիչները։ Անհրաժեշտ է համարվում այդ հարցերում նաև սերտ համակարգումը Կենտրոնական Բանկի ու Ֆինանսների նախարարության միջև։ Նշվում է, որ այդ երկու կառույցները արդեն բավականին աշխատանք են կատարել, մասնավորապես՝ արտերկրի ներդրողներիհամար հարկային անբարենպաստ պայմանների վերացման հարցում։
Նշենք, որ Հայաստանի արժեթղթերի կազմակերպված շուկայի թերզարգացածությունն անցած տարի դարձել Է ՀԲ-ի գլխավոր փաստարկներից մեկը Doing Business վարկանիշում Հայաստանի դիրքերը նվազեցնելու համար, որից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը Էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարել է լրջորեն զբաղվել այդ հարցով։