Արմինֆո. Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) որոշում է կայացրել Ինեկոբանկին 25 մլն ԱՄՆ դոլարի չափով վարկ տրամադրել կորոնավիրուսի համավարակի տնտեսական հետեւանքներից տուժած մասնավոր ընկերություններին աջակցելու համար:
Ինչպես նշվում է Ինեկոբանկի հաղորդագրությունում, բանկն ունի բոլոր հնարավորությունները ՎԶԵԲ-ի միջոցներն ուղղորդելու այն ընկերություններին, որոնք ապրում են փոփոխականության այս աննախադեպ շրջանը: "Բիզնեսին ֆինանսական աջակցության տրամադրումը եւ անխափան վարկավորման ապահովումը չափազանց կարեւոր են տնտեսության պահպանման համար", - ասել է Հայաստանում ՎԶԵԲ-ի ղեկավար Դմիտրի Գվինդաձեն:
Հաղորդագրության համաձայն, ՎԶԵԲ-ը Հայաստանում կարեւոր գործընկեր է Covid-19 ճգնաժամի ժամանակ, եւ նոր ֆինանսավորումը կորոնավիրուսի ազդեցության դեմ պայքարին եւ վերականգնմանն աջակցելուն ուղղված ջանքերի մի մասն է:
ՎԶԵԲ-ը մտադիր է 2020-2021 թվականներին 21 մլրդ եվրո գումարի ֆինանսական աջակցություն տրամադրել 38 երկրներում, որտեղ նա աշխատում է: Աջակցությունը ներառում է Resilience Framework-ի կայուն զարգացման աջակցության ծրագիր' տրամադրելով կարճաժամկետ իրացվելիություն եւ շրջանառու կապիտալ:
ՎԶԵԲ-ը Հայաստանում առաջատար ինստիտուցիոնալ ներդրողն է։ Մինչ օրս Բանկը ավելի քան 1,5 մլրդ եվրո է ներդրել երկրում 183 նախագծերում, աջակցելով, հիմնականում, մասնավոր հատվածի զարգացմանը եւ երկրի անցմանը կայուն կանաչ տնտեսության:
Նշենք, որ ապրիլին Ինեկոբանկը 15 մլն ԱՄՆ դոլար է ստացել նաեւ Հարավ-Արեւելյան Եվրոպայի եվրոպական հիմնադրամից (EFSE)՝ նույնպես կորոնավիրուսային ճգնաժամի տնտեսական հետեւանքներին արձագանքմանն աջակցության շրջանակում:
Ինեկոբանկը հայկական շուկայում գործում է 1996 թվականի հոկտեմբերից։ 2016 թվականի դեկտեմբերին Ինեկոբանկի հետ միավորվեց ProCredit Bank-ը, և այդ գործընթացի շրջանակում կապիտալում ներգրավվեց ինստիտուցիոնալ ներդրող՝ ի դեմս ՎԶԵԲ-ի, որը չորս տարի անց՝ 2020 թվականի առաջին եռամսյակում դուրս եկավ կապիտալից։
Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ Ինեկոբանկի մեծամասնական բաժնետերերի բաժնեմասն այժմ հետեւյալն է. Բալոյան Ավետիս՝ 38,1 %, Սաֆարյան Կարեն՝ 32,95 %, իսկ AgRIF Cooperatief U. A. (Բելգիա) եւ DWM FUNDS S. C. A.-SICAV SIF (Լյուքսեմբուրգ) ներդրումային ֆոնդերի մասնաբաժինը չի փոխվել՝ կազմելով, համապատասխանաբար, 10,01% եւ 5,1%: