Հինգշաբթի, 11 Հունիսի 2020 11:50
Ալեքսանդր Ավանեսով

Արթուր Ջավադյանը վերջին անգամ է մասնակցել ՀՀ կառավարության նիստում՝ որպես Կենտրոնական բանկի նախագահ

Արթուր Ջավադյանը վերջին անգամ է մասնակցել ՀՀ կառավարության նիստում՝ որպես Կենտրոնական բանկի նախագահ

Արմինֆո. Արթուր Ջավադյանը վերջին անգամ է մասնակցել ՀՀ կառավարության նիստում՝ որպես Կենտրոնական բանկի նախագահ։

 

Ինչպես նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Արթուր Ջավադյանը ղեկավարել է կառույցը

բավականին բուռն տարիների ընթացքում, և  ԿԲ-ը իրեն դրսևորել է որպես գործունակ կառույց՝ ապահովելով ֆինանսական եւ մակրոտնտեսական կայունություն։ <Դուք կշարունակեք ներգրավված մնալ մեր ընդհանուր գործերում, դրա մասին առաջիկայում որոշումներ կկայացնենք>,- ասել է կառավարության ղեկավարը։

 

Հիշեցնենք, որ Արթուր Ջավադյանին ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում կփոխարինի Մարտին Գալստյանը, ում թեկնածությունը հաստատվել է ապրիլի 17-ին ԱԺ-ում գաղտնի քվեարկության արդյունքում ՝ պատգամավորների ձայների մեծամասնությամբ:

Մարտին Գալստյանը ծնվել է 1978 թ. մայիսի 4-ին: 1994-1999 թթ. ուսանել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետում, այնուհետ ԲՈՒՀ-ի ասպիրանտուրայում՝ ստանալով տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան: 2009-2010 թթ. սովորել է Հարվարդի համալսարանի Ջոն Ֆ. Քենեդու անվան հանրային կառավարման դպրոցում, ստանալով հանրային կառավարման մագիստրոսի կոչում:

 

Աշխատանքային գործունեությունը սկսել է 1998 թ-ին ՀՀ կենտրոնական բանկում: Երկար տարիներ ղեկավարել է ֆինանսական գործառնությունների վարչության միջազգային պահուստների կառավարմամբ զբաղվող ստորաբաժանումը, այնուհետ ղեկավարել է Վիճակագրության վարչությունը: 2015 թ-ին նշանակվել է Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնի առաջին ղեկավար: 2018 թ-ից առ այսօր ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ է: