Հինգշաբթի, 11 Հունիսի 2020 14:38
Ալեքսանդր Ավանեսով

Հայաստանի ընդերքի օգտագործման թույլտվությունների գործողության ժամկետները կկրճատվեն

Հայաստանի ընդերքի օգտագործման թույլտվությունների գործողության ժամկետները կկրճատվեն

Արմինֆո. Հայաստանի ընդերքի օգտագործման թույլտվությունների գործողության ժամկետները կկրճատվեն։ ՀՀ կառավարությունը հունիսի 11-ի նիստում հավանություն է տվել <Ընդերքի մասին> օրենքում եւ հարակից օրենքների փաթեթում կատարված փոփոխություններին:

 

Ինչպես նշել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, օրինագծերը միտված են ընդերքը ռացիոնալ և արդյունավետ օգտագործելուն: «Առաջարկվում է ընդերքի ռացիոնալ օգտագործման նպատակով հնարավորինս բացառել հանքավայրերի կամ տեղամասերի մասնատումը և պաշարները տրամադրել ողջ հաշվեկշռային ծավալով: Սա մի կարևոր պատճառ ունի: Նախկինում եղել են դեպքեր, երբ հաստատված պաշարը, տարածքը բաժանվել է մի քանի հատվածների, ինչը հնարավորություն է տալիս ավելի բարձր արդյունավետություն ունեցող հատվածներն օգտագործել, իսկ ավելի ցածր տոկոսայնություն ունեցողները՝ թողնել: Նման դեպքերն այս նախագծով կբացառվեն»,- ասել է Սուրեն Պապիկյանը:

 

Նախարարը տեղեկացրել է, որ արդյունահանման թույլտվություններ կտրամադրվեն միայն այն հանքավայրերի դեպքում, որտեղ մետաղականի համար վերջին 5 տարվա ընթացքում գնահատվել ու հաստատվել են պաշարներ, իսկ ոչ մետաղականի դեպքում՝ վերջին 10 տարվա ընթացքում: «Սա արվում է այն նպատակով, որ ցանկացած գործարար, որը իսկապես ցանկանում է ներդրում կատարել և արդյունավետ շահագործում իրականացնել, նախ իրականացնի համապատասխան ուսումնասիրություն, քանզի ՀՀ-ում բոլոր ուսումնասիրությունները հիմնականում կատարվել են 50-ական թվականներին»,- ընդգծել է Սուրեն Պապիկյանը:

 

Նախագծով նախատեսվում է նաև իրավունքի տրամադրման 50 տարվա առավելագույն ժամկետը փոխել 25 տարվա, իսկ ոչ մետաղականների համար առավելագույն ժամկետ կսահմանվի 15 տարին: Կհստակեցվեն նաև ընդերքօգտագործման իրավունքի դադարեցման հետ կապված օրենսդրական թյուրըմբռնումները: