
Արմինֆո. Կորոնավիրուսի թեստերի տեղական արտադրությունը թույլ կտա զգալիորեն կրճատել պետության ծախսերն այդ ուղղությամբ: Այս մասին հունիսի 12-ին խորհրդարանում 2019 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ ասել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ։
Նախարարը տեղեկացրել է, որ Չինաստանից ձեռք բերվող ՊՇՌ - թեստերի դեպքում կորոնավիրուսի մեկ թեստի արժեքը կազմում է շուրջ 30 դոլար: Հաշվի առնելով, որ ամեն օր Հայաստանում իրականացվում է COVID-19 - ի շուրջ 1000 թեստ, ապա մեկ օրվա հաշվարկով ծախսերը հասնում են 30 հազար դոլարի, իսկ ամսական կտրվածքով՝ 1 մլն դոլարի: Թորոսյանը հույս է հայտնել, որ հայրենական թեստերի արտադրությունը թույլ կտա զգալիորեն նվազեցնել այդ ծախսերը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը պատրաստ է ամեն օր կորոնավիրուսի 1-2 հազար թեստ արտադրել։