Արմինֆո. <Լավ լուր՝ տնտեսվարողների համար>,- Facebook-ի իր էջում գրել է ՀՀ Ազգային ժողովի <Իմ քայլը> խմբակցության անդամ Բաբկեն Թունյանը։
Նրա խոսքով՝ այսօր ժամը 17։00-ին կառավարության նախաձեռնությամբ տեղի կունենա Ազգային ժողովի արտահերթ նիստ, որի ընթացքում լուծում կտրվի մեր տնտեսվարողներին հուզող մի կարևոր խնդրի։
<Շահութահարկ վճարողները կազատվեն 2020 թվականի 2-րդ եռամսյակի համար շահութահարկի կանխավճարներ կատարելու պարտավորությունից։ Հիշեցնեմ, որ վերջնաժամկետը հունիսի 20-ն էր։
Ամբողջությամբ կվերանայվի շահութահարկի կանխավճարների համակարգը՝ սահմանելով, որ յուրաքանչյուր եռամսյակի շահութահարկի կանխավճարը կատարվում է նախորդ տարվա արդյունքներով հաշվարկված շահութահարկի գումարի 20 տոկոսի և նախորդ եռամսյակի իրացման շրջանառության 2 տոկոսի գումարներից նվազագույնի չափով։ Զուգահեռաբար, վերացվում է կանխավճարի որևէ եղանակի ընտրության համար հայտարարություն ներկայացնելու պահանջը։
Այս փոփոխությունը ոչ թե ժամանակավոր է, այլ մշտական։ Այսինքն, տնտեսվարողներն այլևս ստիպված չեն լինի ամեն տարի մինչև մարտի 20-ը հայտարարություն ներկայացնել, թե որ տարբերակով են շահութահարկ վճարելու։ Ավտոմատ կընտրվի այն տարբերակը, որն ի օգուտ տնտեսվարողի է։
Այսպիսով, նախագծի ընդունումը ինչ-որ առումով հակաճգնաժամային միջոցառում է՝ հարկային արձակուրդ, որը թույլ կտա մեղմել կորոնավիրուսի հետևանքով տնտեսվարողների մոտ ծագած իրացվելիության խնդիրը՝ ազատելով նրանց 2-րդ եռամսյակի համար շահութահարկի կանխավճարներ կատարելու պարտավորությունից ։ Մյուս կողմից, շահութահարկի կանխավճարների համակարգը կդառնա ավելի ճկուն և տնտեսավարող սուբյեկտների ընթացիկ իրացվելիության տեսանկյունից՝ նպաստավոր>,- գրել է պատգամավորը։
RUB | 4.22 | 0.06 |
USD | 387.63 | -0.37 |
EUR | 414.92 | -1.29 |
GBP | 485.04 | -1.51 |
CAD | 282.47 | -1.03 |
JPY | 25.00 | 0.27 |
CNY | 53.53 | -0.05 |
CHF | 425.22 | -0.50 |