Երեքշաբթի, 16 Հունիսի 2020 17:21
Կարինա Մելիքյան

Հայաստանի ԿԲ-ն 2020 թվականին արդեն երրորդ անգամ նվազեցնում է վերաֆինանսավորման տոկոսադրույքը, այս անգամ 0.5 տոկոսային կետով՝ սահմանվելով 4.50%

Հայաստանի ԿԲ-ն 2020 թվականին արդեն երրորդ անգամ նվազեցնում է վերաֆինանսավորման տոկոսադրույքը, այս անգամ 0.5 տոկոսային կետով՝ սահմանվելով 4.50%

Արմինֆո. 2020 թ. հունիսի 16-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշել է  վերաֆինանսավորման  տոկոսադրույքը նվազեցնել 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով 4.5%:

 

Հայաստանի ԿԲ մամուլի ծառայության հաղորդման համաձայն,. 2020 թ. մայիսին արձանագրվել է 0.1%  գնանկում՝ նախորդ տարվա նույն ամսվա 0.4% գնանկման դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճը ավելացել է և կազմել 1.2%:

 

«Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ սպասվում է, որ երկրորդ եռամսյակում համաշխարհային տնտեսությունը կգրանցի իր պատմական ամենամեծ անկումներից մեկը: Ընդ որում, գնահատվում է, որ համաշխարհային տնտեսության վերականգնումը ընթանում է սպասվածից ավելի դանդաղ տեմպերով, և շարունակվում է պահպանվել համավարակի ապագա ընթացքի հետ կապված անորոշությունը: Միևնույն ժամանակ հումքային ապրանքների գները ցույց են տալիս կայունացման և վերականգնման որոշ նշաններ՝ պայմանավորված Չինաստանի տնտեսության զգուշավոր լավատեսական սպասումներով: Ակնկալվում է, որ արտաքին հատվածը ՀՀ տնտեսության վրա կշարունակի ունենալ գնանկումային ազդեցություն:

 

ԿԲ գնահատականների համաձայն Հայաստանում երկրորդ եռամսյակում տնտեսական ակտիվության նվազումը կխորանա՝ պայմանավորված ինչպես առաջարկի, այնպես էլ պահանջարկի գործոններով: Առաջարկի մասով նվազումը պայմանավորված է հատկապես շինարարության ու ծառայությունների ոլորտում  արձանագրված անկմամբ, իսկ պահանջարկի տեսանկյունից անկումը կարտահայտվի հիմնականում մասնավոր ծախսումների կրճատմամբ թե՛ սպառման և թե՛ ներդրումների մասով։ Չնայած նախորդ տարվա համեմատ հարկաբյուջետային քաղաքականության խթանող ազդեցությանը, մասնավոր պահանջարկի նվազման ազդեցությունները կգերակշռեն, ինչը մեծապես պայմանավորված է համավարակի  հետ կապված  անորոշությունների պահպանմամբ:

 

Հաշվի առնելով արտաքին և ներքին պահանջարկի վերականգնման դանդաղումը,  առկա ցածր  գնաճային միջավայրը և ձևավորված բարձր անորոշության բացասական ազդեցությունը՝  ԿԲ Խորհուրդը  նպատակահարմար է գտնում ավելի մեծ քայլով նվազեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը:  Խորհուրդը գնահատում է, որ ստեղծված իրավիճակում անհրաժեշտ կլինի խթանող դիրքը պահպանել նաև միջնաժամկետ հատվածում, որի  ներքո գնաճը կարճաժամկետ հատվածում կպահպանվի  ցածր  մակարդակում՝ նպատակին մոտենալով միայն կանխատեսվող հորիզոնի վերջում: Խորհուրդը գտնում է նաև, որ ներկա իրավիճակում դրամավարկային քաղաքականության խթանման հետ մեկտեղ համախառն պահանջարկի վերականգնման համար առանցքային է հարկաբյուջետային ավելի խթանող քաղաքականության իրականացումը:

 

ԿԲ Խորհուրդը գնահատում է, որ ծրագրված ուղեգծից գնաճի շեղման ռիսկերը դեռևս գերակշռում են  ներքևի ուղղությամբ՝ պայմանավորված պահանջարկի վերականգնման հնարավոր դանդաղմամբ և անորոշության հավանական պահպանմամբ: Ռիսկերի դրսևորման պարագայում  Կենտրոնական  բանկը մշտապես պատրաստ է ըստ անհրաժեշտության ճշգրտել քաղաքականությունը՝ ապահովելով գների կայունությունը միջնաժամկետ հատվածում։

 

Տոկոսադրույքի մակարդակի որոշման հիմքում ընկած մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ մինչև 2020 թ. հունիսի 30-ը հրապարակվելիք Գնաճի հաշվետվությունում  (Դրամավարկային  քաղաքականության 2020 թ. երկրորդ եռամսյակի ծրագրում)», - ասվում է հաղորդագրությունում:

 

Նշենք, որ Հայաստանի ԿԲ-ի կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքի 0,25 տոկոսային կետով նախորդ երկու իջեցումները տեղի են ունեցել 2020թ. մարտի 17-ին եւ  ապրիլի 28-ին, ընդհանուր առմամբ,  5,5 տոկոսից մինչեւ 5 տոկոս, ինչին համապատասխան, իջեցվել էին լոմբարդային ռեպո տոկոսադրույքը՝ 7 տոկոսից մինչեւ 6,5 տոկոս, եւ բանկերից ներգրավված ավանդների գծով՝ 4 տոկոսից մինչեւ 3,5 տոկոս: