Հինգշաբթի, 18 Հունիսի 2020 16:56
Ալինա Հովհաննիսյան

‹‹Ֆարմ Կրեդիտ Արմենիան›› և Ֆրանսիայի զարգացման գործակալությունը կնքել են 1.5 մլն եվրոյի ստորադաս երկարաժամկետ փոխառության պայմանագիր

‹‹Ֆարմ Կրեդիտ Արմենիան›› և Ֆրանսիայի զարգացման գործակալությունը կնքել են 1.5 մլն եվրոյի ստորադաս երկարաժամկետ փոխառության պայմանագիր

Արմինֆո. ‹‹Ֆարմ Կրեդիտ Արմենիա›› վարկային կոոպերատիվը և Ֆրանսիայի զարգացման գործակալությունը, ի դեմս իր դուստր Պրոպարկո ներդրումային ընկերության, երկամյա բանակցություններից հետո սկսում են գործընկերություն` կնքելով € 1.5 մլն գումարի չափով երկարաժամկետ ստորադաս փոխառության պայմանագիր:

‹‹Ֆարմ Կրեդիտ Արմենիա›› ՈՒՎԿ մամուլի ծառաայության  հաղորդման համաձայն, փոխառությունը տրամադրվում է ՀՀ դրամով, 6 տարի ժամկետով: Պայմանագիրը նախատեսում է նաև տեխնիկական աջակցության բաղադրիչ, որը կնպաստի կոոպերատիվի զարգացման նոր հնարավորություններ ձեռք բերելուն:

 

«Պայմանագրի կնքումը աննախադեպ է, քանի որ սա առաջին դեպքն է, երբ ՀՀ վարկային կազմակերպությունը ներգրավում է երկարաժամկետ ստորադաս փոխառություն միջազգային  ինստիտուցիոնալ ներդրողից: Ֆարմ Կրեդիտ Արմենիայի  կայուն զարգացման ռազմավարությունը և կիրառվող  վարկային պատասխանատու քաղաքականությունը վստահության հիմք հանդիսացան պայմանագրի կնքման համար: Հարկ է նշել, որ պայմանագրի կնքումը կատարվում է աշխարհում խորացող համաճարակի ժամանակահատվածում, որը խոչընդոտ չհանդիսացավ գործարքի իրագործման համար:  Ֆինանսական ներդրումը հնարավորություն կտա վարկային կոոպերատիվին մեծացնել գյուղատնտեության վարկավորման իր գործիքակազմը և կհանդիսանա խթան վարկային պորտֆելի աճի համար», - ասվում է  հաղորդագրությունում:

 

Ինչպես ԱրմԻնֆո-ին պարզաբանել են "Ֆարմ Կրեդիտ Արմենիա" ՈՒՎ Կ-ում, այդ ստորադաս փոխառությունը կներառվի լրացուցիչ կապիտալի կազմում: Այդ միջոցների ստացումը սպասվում է կամ ընթացիկ, կամ հաջորդ ամիս, ԱրմԻինֆո-ին  հաղորդել են ընկերությունում:

 

ԱրմԻնֆո ԼԸ-ի կողմից պատրաստված Հայաստանի վարկային ընկերությունների ռենքինգի 31.03.2010 թ. տվյալներով, "Ֆարմ Կրեդիտ Արմենիա" ՈւՎԿ ընդհանուր կապիտալը կազմում է 2.02 մլրդ դրամ (4 մլն դոլար), ակտիվները' 13.9 մլրդ դրամ (27.7 մլն դոլար), վարկային պորտֆելը' 12.9 մլրդ դրամ (25.6 մլն դոլար): 2020 թվականի առաջին եռամսյակում "Ֆարմ Կրեդիտ Արմենիա" ՈՒՎԿ-ն իր ակտիվներն ավելացրել է 5,6% - ով' վարկային պորտֆելի  4%  աճի հաշվին: Ընկերության զուտ շահույթը հաշվետու եռամսյակում տարեկան կտրվածքով ավելացրել է 4,5 անգամ:

 

‹‹Ֆարմ Կրեդիտ Արմենիա›› ՈւՎԿ ԱԿ-ն  ՀՀ-ում գործող միակ կոոպերատիվ վարկային կառույցն է, որն  իր գործունեությունը ծավալում է միայն ՀՀ մարզերում տրամադրելով տնտեսության բացառապես իրական հատվածի ֆինանսավորման  վարկեր: Ֆարմ Կրեդիտը ի սկզբանե որդեգրել է կորպորատիվ կառավարման սկզբունքները և իր առաքելությամբ նպաստում է կոոպերատիվ մշակույթի ձևավորմանը: Կոոպերատիվը հիմնադրվել է 2007 թվականին 57 ֆերմերների կողմից և այժմ կոոպերատիվի անդամ-փայատերերի թիվը կազմում է շուրջ 9000 անձ: Վարկային կոոպերատիվի սեփական կապիտալը կազմում է շուրջ 2 միլիարդ ՀՀ դրամ, վարկային պորտֆելը  մոտ 13  միլիարդ ՀՀ դրամ:

Ֆրանսիայի զարգացման գործակալությունը պետական կառույց է, որը Ֆրանսիայում և  աշխարհի 115 երկրներում իրականացնում է կայուն զարգացման և միջազգային համագործակցության մասով պետական քաղաքականություն: Պրոպարկո ընկերությունը հանդիսանում է վերջինիս մասնավոր հատվածի ֆինանսավորումն իրականացնող դուստր ներդրումային կառույց: