Արմինֆո.Տնտեսական անբարենպաստ իրավիճակը կհանգեցնի Վրաստանի եւ Հայաստանի բանկային համակարգերի ակտիվների որակի նվազման եւ Հայաստանի բանկերից ոչ ռեզիդենտների ավանդների հնարավոր արտահոսքի: Այդ մասին հաղորդում է "Ֆինմարկետ" ԼԳ՝ վկայակոչելով S&P Global Ratings միջազգային վարկանիշային գործակալության անդրադարձը։
Մասնավորապես, հաղորդվում է, որ COVID-19 համավարակը կստուգի երկու երկրների բանկային համակարգերի ամրությունը, որոնք բնութագրվում են դոլարացման բարձր մակարդակով: Գործակալության վերլուծաբանների գնահատմամբ, վրացական եւ հայկական բանկերի մեծ մասը, որոնք ունեն S&P վարկանիշ, կկարողանան հաղթահարել ճգնաժամի հետեւանքները կապիտալի եւ իրացվելիության բավարար պաշարների, ինչպես նաեւ կարգավորման բարենպաստ ռեժիմների շնորհիվ:
Միաժամանակ, S&P-ն ակնկալում է 2020 թվականին Վրաստանի եւ Հայաստանի չափերով փոքր բաց տնտեսությունների աճի տեմպերի նվազում՝ կորոնավիրուսային վարակի համաճարակի ազդեցության հետեւանքով, եւ դրանց էական վերականգնում 2021 թվականին:
Գործակալությունը բացասական գործոն է համարում Վրաստանի եւ Հայաստանի բանկային համակարգերի մաքուր արտաքին պարտքի ավելի բարձր մակարդակը քան համադրելի երկրներում (2019 թվականի վերջի դրությամբ վարկավորման համախառն ծավալի շուրջ 25%)՝ ֆոնդավորման տեսանկյունից, քանի որ սթրեսային իրավիճակներում, ինչպիսին այժմ դիտվում է, արտաքին ֆինանսավորումը կարող է լինել ավելի խոցելի, քան ներքին աղբյուրներից ֆինանսավորումը: "Մենք ակնկալում ենք վրացական եւ հայկական բանկերի ակտիվների որակի վատթարացում 2020-2021 թվականներին. խնդրահարույց վարկերի մասնաբաժինը (որոնց դիմաց վճարումները ժամկետանց են ավելի քան 90 օրով) կավելանա մինչեւ մոտավորապես 8 տոկոս: Ըստ կանխատեսումների՝ վարկերի գծով հնարավոր կորուստների համար լրացուցիչ պահուստների ստեղծման ծախսերը կկազմեն 2020 թվականին վարկավորման ընդհանուր ծավալի 3-4 տոկոսը՝ 2019 թվականին Վրաստանում մոտ 1 տոկոսի եւ Հայաստանում 1,5 տոկոսի համեմատ", - ասված Է ամփոփագրում:
Ընդ որում, նշվում է, որ S&P վարկանիշ ունեցող չորս վրացական եւ հայկական բանկերից երեքի վարկանիշների վերջին հաստատումները եւ վարկանիշների "կայուն" կանխատեսումները արտացոլում են գործակալության կարծիքն այն մասին, որ այդ բանկերը բավական ուժեղ դիրքեր են զբաղեցնում կարգավորող մարմինների աջակցությամբ ընթացիկ սթրեսային իրավիճակի ազդեցությանը դիմակայելու համար:
"Մենք կարծում ենք, որ Վրաստանի ազգային բանկը եւ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը կողմ են պրոակտիվ մոտեցմանը եւ ձեռնարկում են բանկային համակարգերի աջակցմանը նպատակաուղղված միջոցներ", - գրում են S&P վերլուծաբանները: