
Արմինֆո. Տվյալ պահին Հայաստանի ֆինանսաբանկային համակարգը բավականին կայուն է եւ կապիտալացված, բայց սցենարների զարգացումը կորոնավիրուսի երկրորդ եւ երրորդ բռնկումների դեպքում կարող է մեծ դժվարություններ ստեղծել համաշխարհային տնտեսության եւ, մասնավորապես, Հայաստանի տնտեսության համար: Այս մասին հունիսի 30-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
Պատասխանելով Արմինֆո-ի թղթակցի հարցին՝ նա նշել է, որ ստեղծված պայմաններում Հայաստանի համար առավելություն է փոքր երկիր լինելը, քանի որ դա թույլ է տալիս ավելի արդյունավետ մոնիտորինգ իրականացնել: Այս առնչությամբ Մարտին Գալստյանն ընդգծել է, որ անհրաժեշտության դեպքում ԿԲ-ն պատրաստ է պաշտպանել Հայաստանի ֆինանսական կայունությունը' կիրառելով առկա գործիքակազմը:
Հիշեցնենք, որ Արժույթի միջազգային հիմնադրամը գլոբալ ֆինանսական կայունության հարցերի վերաբերյալ հունիսյան զեկույցում նշել էր, որ կորոնավիրուսի եւ իրավիճակի զարգացման չափազանց բարձր անորոշության պայմաններում ֆինանսական պայմանները մեղմացվել են, սակայն կա անվճարունակության լուրջ սպառնալիք: Մասնավորապես, ԱՄՀ-ն ազգային իշխանություններին կոչ է արել իրական տնտեսությանն աջակցությունը շարունակելուն զուգընթաց ուշադիր հետեւել ֆինանսական խոցելիության գործոններին եւ ֆինանսական կայունության պահպանմանը: