Չորեքշաբթի, 1 Հուլիսի 2020 16:45

Ամուլսարի հանքավայրի մոտ լարված իրավիճակ է ստեղծվել

Ամուլսարի հանքավայրի մոտ լարված իրավիճակ է ստեղծվել

Արմինֆո. Հուլիսի 1-ին Ամուլսարի հանք տանող ճանապարհին գտնվող ակտիվիստների պահակակետի տարածքում լարված իրավիճակ է ստեղծվել:

 

Ամուլսարի շահագործ,ամ  դեմ հանդես եկող տեղի բնակիչները պահանջել են, որպեսզի  <Լիդիան Արմենիա> ընկերության գույքի պահպանությունն իրականացնող <Հատուկ անվտանգության ծառայություն> կազմակերպությունը պահակակետի տարածքից դուրս բերի իր ռեզերվային կազմը ՝ թողնելով միայն մեկ հերթափոխ: Բացի այդ, ջերմուկցիները պահանջում են պահակակետից դուրս բերել տվյալ կազմակերպությանը պատկանող ավտոմեքենաները ։ Տեղի բնակիչները նաեւ կոչ են արել պահնորդներին ՝ չկրել ռետինե մահակներ եւ զենք, որպեսզի ավելորդ լարվածություն չստեղծեն: Նրանց խոսքով ՝ նախօրեին զինված պահնորդները բառացիորեն ներխուժել են պահակակետի տարածք, ինչպես նաեւ ավտոմեքենայով ճզմել երեք շան ձագերի, որոնց խնամքն իրականացրել են տեղի ակտիվիստները:

 

Այսօր իրավիճակն այնքան է լարվել, որ ոստիկանության ուժերն են բերվել։ Արդյունքում <Հատուկ անվտանգության  ծառայության> ղեկավարությունը խոստացել է ռեզերվային կազմը տարածքից դուրս բերել այսօրվա ընթացքում: Ինչ վերաբերում է ջերմուկցիների պահանջին՝  արգելել  պահնորդական կազմակերպության մեքենաների մուտքը հանքավայրի տարածք, ապա այն խոստացել են քննարկել իրավաբանների հետ: