Ուրբաթ, 3 Հուլիսի 2020 18:00
Ալինա Հովհաննիսյան

2020 թվականին Հայաստանում կիրականացվի ավելի քան 338 կմ երկարությամբ ճանապարհների կապիտալ եւ միջին վերանորոգում

2020 թվականին Հայաստանում կիրականացվի ավելի քան 338 կմ երկարությամբ ճանապարհների կապիտալ եւ միջին վերանորոգում

Արմինֆո. 2020 թվականին Հայաստանում կիրականացվի ավելի քան 338 կմ երկարությամբ ճանապարհների կապիտալ և միջին վերանորոգում: Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ հաղորդել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Քրիստինե Ղալեչյանը: Նրա խոսքով, այդ նպատակով պետբյուջեից հատկացվել է 21.6 մլրդ դրամ, որը կուղղորդվի Հայաստանի 10 մարզերում 251.6 կմ ճանապարհների եւ տրանսպորտային ենթակառուցվածքների 8 օբյեկտների հիմնանորոգմանը, ինչպես նաեւ 87 կմ երկարությամբ ճանապարհների միջին վերանորոգմանը: "Սա բավականին բարձր ցուցանիշ է, եւ մենք ամեն ինչ կանենք ծրագրված ծավալներին հասնելու համար", - ասել է փոխնախարարը:

 

Դրա հետ մեկտեղ, Ղալեչյանը հաղորդել է, որ ընթացիկ տարում կշարունակվեն 31 կմ ճանապարհների վերականգնման աշխատանքները, որոնք չեն հասցրել ավարտել 2019 թվականին:

 

Բացի այդ, նրա խոսքով, կարեւոր նշանակություն կունենա աշխատանքների որակը, ինչի կապակցությամբ պետությունը կուժեղացնի վերահսկողության մեխանիզմները: "Մենք հետևողականորեն գնալու ենք այն նպատակին, որը թույլ կտա մեզ հայտարարել, որ Հայաստանի ճանապարհային ցանցը գտնվում է բարենպաստ վիճակում, հարմար է երթուղիների համար, իսկ ամենակարևորը ՝ անվտանգ է", - նշել է Ղալեչյանը: