Չորեքշաբթի, 8 Հուլիսի 2020 14:31
Ալինա Հովհաննիսյան

Հայտարարվել է ԵՄ կանաչ եւ օրգանական ագրոբիզնեսի աջակցության մրցույթ

Հայտարարվել է ԵՄ կանաչ եւ օրգանական ագրոբիզնեսի աջակցության մրցույթ

Արմինֆո. Հայաստանում կայուն, նորարարական ու շուկային միտված ագրոբիզնեսի խթանման նպատակով ԵՄ Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում (ԵՄ-GAIA) ծրագրի շրջանակներում հայտարարվել է կանաչ և օրգանական նախագծերի աջակցության բաց մրցույթ:

 

Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և համաֆինանսավորվում ու իրականացվում է Ավստրիական զարգացման գործակալության կողմից, Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հետ համատեղ: Կառավարության կողմից գործընկերն է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը: 

 

«Էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ մենք ուրախ ենք մեկնարկելու այս նոր հայտամրցույթը, որն ուղղված է Հայաստանում սննդի համակարգերը արդար, առողջ և էկոլոգիապես մաքուր դարձնելուն, ինչը շատ համահունչ է «Եվրոպական կանաչ գործարքին»: Մենք հավատում ենք, որ ֆերմերները, փոքր ագրոբիզնեսի արտադրողները կարևոր դեր կխաղան մարզերում COVID-19-ի վերականգնման, եւ ընդհանուր առմամբ՝ ավելի կայուն, մրցակցային և ճկուն գյուղատնտեսությանը անցում կատարելու հարցում: ԵՄ-GAIA ծրագրի շրջանակներում ագրոբիզնեսի աջակցության այս ծրագրի ընդհանուր չափը կազմում է 2,470,000 միլիոն եվրո», - հայտարարել է ՀՀ-ում Եվրոպական միության դեսպան Անդրեա Վիկտորինը։

 

Հայտամրցույթին կարող են մասնակցել տարբեր ագրոբիզնեսներ՝ ֆերմերներ, արտադրողներ, վերամշակողներ։  Մրցույթը բաղկացած է հետևյալ բաղադրիչներից. 1) «Կանաչ» գյուղատնտեսական նախագծերի աջակցություն միայն Շիրակ, Լոռի և Տավուշ մարզերում։ Այս բաղադրիչով ընտրված արժեշղթաներն են՝ 1.Պտուղ, հատապտուղ, բանջարեղեն՝ թե թարմ, թե վերամշակված: Դիմելու համար այցելել Էկոնոմիկայի նախարարության հայտարարությունների բաժին՝ https://mineconomy.am/page/1613

 

2. Հատիկընդեղեն մշակաբույսեր, խոտաբույսեր և ոչխարաբուծություն:

Դիմելու համար այցելել՝ https://mineconomy.am/page/1606 

 

2)         Օրգանական (սկսնակ կամ սերտիֆիկացված) ագրոբիզնեսի օժանդակություն ՀՀ բոլոր մարզերում եւ բոլոր արժեշղթաներում: Դիմելու համար այցելել՝ https://mineconomy.am/page/1613

 

Փոքրածավալ ագրոբիզնեսներին կտրամադրվի աջակցություն գյուղատնտեսական արտադրության մեքենաների և սարքավորումների, բերքահավաքից հետո կիրառվող և վերամշակվող սարքավորումների, ինչպես նաեւ որոշ ենթակառուցվածքային ներդրումների ձեւով: Հաջողակ դիմորդները նաեւ կներգրավվեն ԵՄ-GAIA ծրագրի կարողությունների զարգացման և շուկայավարման նախաձեռնություններում՝ իրենց կանաչ/օրգանական բիզնես ծրագրերի հաջող մեկնարկը և առաջընթացն ապահովելու համար: Կտրվեն միայն հիմնական, այլ ոչ թե դրամական միջոցներ:  Առավելություն կտրվի կանանց կողմից ղեկավարվող, ինչպես նաև երիտասարդների և այլ խոցելի խմբերի ագրոբիզնեսներին։ Հայտադիմումները կընտրվեն ըստ սահմանված չափորոշիչների ու մեթոդաբանության: Ծրագիրը կապ կհաստատի միայն կարճ ցուցակում ընդգրկված հայտատուների հետ: