Չորեքշաբթի, 8 Հուլիսի 2020 17:13
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանը 15 տոկոսով կրճատել է պտուղ-բանջարեղենի արտահանումը

Հայաստանը 15 տոկոսով կրճատել է պտուղ-բանջարեղենի արտահանումը

Արմինֆո 2020 թվականին Հայաստանը 15 տոկոսով կրճատել է պտուղ-բանջարեղենի արտահանումը, որը կազմել է, ընդհանուր առմամբ, 58 հազար տոննա: Այդ մասին հուլիսի 8-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հաղորդել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արմեն Խոջոյանը։

 

Ծավալների նվազումը, փոխնախարարի խոսքով, պայմանավորված է խնձորի արտահանման ծավալների նվազմամբ։ Այդ առնչությամբ նա հաղորդել է, որ այս տարի Հայաստանն արտահանել է 5.5 հազար տոննա խնձոր՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 11.5 հազար տոննայի փոխարեն։ Նման դինամիկան պայմանավորված է նրանով, որ այս սեզոնում հայ արտադրողները արտահանել են 2019 թվականի բերքի խնձոր, որը ցածր է եղել եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով։ Միևնույն ժամանակ, պտուղ-բանջարեղենի ընդհանուր դինամիկայի վրա անդրադարձել է նաև ծիրանի վիճակը, որն այս տարի արտահանվել է 13 հազար տոննա, ինչը մեկ տարվա վաղեմության ցուցանիշից պակաս է 3 հազար տոննայով։ "Ցրտահարության եւ կարկուտի պատճառով մենք ծիրանի բերքն ավելի քիչ ենք ստացել, քան սպասվում էր", - ընդգծել է Խոջոյանը:

 

Դրա հետ մեկտեղ նա հաղորդել Է, որ օպերատիվ տվյալներով Հայաստանն այս տարի արտահանել է 3.2 հազար տոննա կեռաս, 21 հազար տոննա լոլիկ, 800 տոննա ելակ եւ այլն:

 

Ընդհանուր առմամբ, փոխնախարարը նշել է, որ գյուղատնտեսական տարին բավականին հաջող եւ ակտիվ էր: Մասնավորապես, ըստ նրա, հայ բեռնափոխադրողները սահմանը հատելիս լուրջ խնդիրների չեն բախվում եւ ժամանակին գյուղմթերք են մատակարարում արտաքին շուկաներ: Նա ակտիվ է որակել նաեւ պտուղ-բանջարեղենի մթերման գործընթացը։ Փոխնախարարի խոսքով, Հայաստանում արդեն մթերվել է 5.5 հազար տոննա պտուղ-բանջարեղեն, որից 4.3 հազար տոննան բաժին է ընկնում մրգերին, իսկ այդ ծավալից 2.4 հազար տոննան ՝ ծիրանին։

 

Նշենք, որ ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների, Հայաստանի գյուղատնտեսության համախառն արտադրանքը 2020 թվականի առաջին եռամսյակում կազմել է 73.6 մլրդ դրամ, ինչը 4,5 տոկոսով բարձր է մեկ տարվա վաղեմության ցուցանիշից: