Հինգշաբթի, 9 Հուլիսի 2020 12:59
Ալեքսանդր Ավանեսով

Փոխվարչապետ․ Հայաստանի ընկերությունները կարող են արտոնյալ վարկային ռեսուրսներ ներգրավել կանոնադրական կապիտալի համալրում իրականացնելու դեպքում

Փոխվարչապետ․ Հայաստանի ընկերությունները կարող են արտոնյալ վարկային ռեսուրսներ ներգրավել կանոնադրական կապիտալի համալրում իրականացնելու դեպքում

Արմինֆո.ՀՀ կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ փոփոխություններ են կատարել հակաճգնաժամային առաջին միջոցառման մեջ, որի նպատակը ներդրումների խթանումն է։

<Ես տպավորություն ունեմ, որ համենայն դեպս գործարար միջավայրը բավարար չափով իրազեկված չէ այդ մասին>,- ասել է վարչապետը։ Նա փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին խնդրել է ներկայացնել կատարված փոփոխությունների իմաստը։

 

<Մինչ օրս սուբսիդավորման գործիքն աշխատում էր հետևյալ տրամաբանությամբ՝ մինչև 250 մլն վարկային ռեսուրսները սուբսիդավորվում էին մինչև 1 տարի ժամանակահատվածի համար, մենք ուժի մեջ ենք մտցրել հետևյալ սահմանումը՝ եթե ձեռնարկությունը, տնտեսվարողը 50 մլն դրամի չափով կանոնադրական կապիտալի համալրում է իրականացրել կամ կիրականացնի 2020թ. ընթացքում, ապա նա ստանում է հավելյալ հնարավորություն՝ սուբսիդավորվել 400 մլն դրամ համարժեք վարկի չափով և արդեն իսկ 36 ամսվա ժամանակահատվածի համար, որը շատ էական է, պարոն վարչապետ: Այն էական արտոնյալ հնարավորություն է, և եթե համալրումն իրականացվել է 100 մլն դրամի չափով կամ կիրականացվի 2020թ. ընթացքում, ապա տնտեսվարողը հնարավորություն ունի ստանալ արտոնյալ 500 մլն համարժեք վարկ և 48 ամսվա համար: Սա, կարծում եմ, լրջագույն խթան է: Եթե պարզ հաշվարկ անենք, ըստ էության, տնտեսվարողի տարեկան խնայողությունը սուբսիդիայի մասով, եթե վերցնենք 500 միլիոնը, իսկ մենք նպատակից կախված՝ ընդհուպ մինչև ամբողջությամբ սուբսիդավորում ենք տոկոսադրույքը, ըստ էության, դա 1-2 տարվա իր շահն է, որն ինքը կարող է ներդնել կանոնադրական կապիտալում: Կարծում եմ, որ սա շատ կարևոր գործիք է, ու այս պահի դրությամբ, եթե չեմ սխալվում՝ 1 հայտ, 1 վարկ այս կանոնով բավարարվել է, ևս 2 հայտ քննարկման փուլում է: Բայց կարծում եմ, որ այս գործիքը պետք է տարածում ստանա:

 

Պարոն վարչապետ, օգտվելով առիթից, ցանկանում եմ հիշեցնել նաև մեր հարկային բարեփոխումները, որոնց մասին քիչ խոսեցինք, բայց շատ ռազմավարական եմ համարում: Եվ դրա արդյունքում - մեր հաշվարկները ցույց են տալիս - որ տնտեսության մեջ հավելյալ առնվազն 64 մլրդ դրամի շրջանառություն է մնացել: Դա շահութահարկի կանխավճարի կանոնի փոփոխությունն է, որը, ըստ էության, ռազմավարական փոփոխություն է: Դա ժամանակավոր գործիք չէ, արդեն միշտ գործելու է: Աննախադեպ հնարավորություն կա, որպեսզի շահութահարկի կանխավճարներն իրականացվեն ոչ թե նախորդ տարվա շահութահարկից, այլ ընթացիկ եռամսյակների շրջանառությունից, որը, կարծում ենք, շատ լուրջ փոփոխություն է:

 

Եվ նաև իհարկե շատ ցանկալի չէր, բայց տուգանքների մասին էլ չմոռանանք: Ես խոսում եմ այն փոփոխությունների մասին, որոնք հունիսին են ուժի մեջ մտել: Այնուամենայնիվ, սանկցիաների մասով էլ փափկեցում է տեղի ունեցել, այսինքն՝ 0,75 տոկոս օրական տույժը դարձել է 0,04 տոկոս, որը բավական ողջամիտ է և վստահաբար ողջամիտ ուշացումների համար որևէ կրիտիկական հետևանք չի առաջացնի տնտեսվարողների համար: Արգելանք դնելու շեմը 1,5 միլիոնի է հասել>,- ասել է փոխվարչապետը։