Հինգշաբթի, 9 Հուլիսի 2020 19:25
Ալինա Հովհաննիսյան

2020թ. առաջին կիսամյակում Հայաստանում հարկային եկամուտները նվազել են 2,3%-ով

2020թ. առաջին կիսամյակում Հայաստանում հարկային եկամուտները նվազել են 2,3%-ով

Արմինֆո. 2020 թվականի 1-ին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ հարկային եկամուտների նվազումը կազմել է 17.6 մլրդ դրամ կամ 2.3%:

 

ՊԵԿ մամուլի ծառայության հաղորդման համաձայն, 2020 թվականի 1-ին կիսամյակում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից ապահովվել է 680.3 մլրդ դրամ հարկային եկամուտներ: Հարկային մարմնի կողմից փաստացի հավաքագրված եկամուտները կազմել են 622.2 մլրդ, իսկ մաքսային մարմնի կողմից` 123.4 մլրդ դրամ: Նույն ժամանակահատվածում ավելացված արժեքի հարկի և հիփոթեքային վարկի տոկոսների սպասարկմանն ուղղված եկամտային հարկի գծով տնտեսավարողներին վերադարձվել է 65.3 մլրդ դրամ գումար:

 

«2019 թվականի 1-ին կիսամյակում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից ապահովվել է 712.8 մլրդ դրամ հարկային եկամուտներ: Հարկային մարմնի կողմից փաստացի հավաքագրված եկամուտները կազմել են 602.8 մլրդ դրամ, իսկ մաքսային մարմնի կողմից` 160.4 մլրդ դրամ: Նշված ժամանակահատվածում ավելացված արժեքի հարկի և հիփոթեքային վարկի տոկոսների սպասարկմանն ուղղված եկամտային հարկի գծով տնտեսավարողներին վերադարձվել է 50.4 մլրդ դրամ գումար», - ասվում է ՊԵԿ հաղորդագրությունում: