Արմինֆո. Դեռևս խորհրդային տարիներին Հայաստանն աչքի էր ընկնում զարգացած տեքստիլ արդյունաբերությամբ։ Գյումրիում նույնիսկ մի ամբողջ թաղամաս կոչվել է «Տեքստիլ», որտեղ գործում էր Լենինականի համանուն գործարանը։ Այսօր՝ տարիներ անց, տեքստիլ արդյունաբերությանը զուգահեռ տեղական շուկայում որպես առանձին ոլորտ կայանում է նորաձևությունը, որը զարգացման մեծ ներուժ ունի։
Այս գործում հայկական ընկերություններին աջակցում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ Առևտրի միջազգային կենտրոնի կողմից իրականացվող Արևելյան գործընկերություն, առևտրի համար պատրաստ. EU4Business-ի նախաձեռնությունը։
«Հայաստանը մշտապես առանձնացել է տեղական որակյալ հագուստով ու կոշկեղենով։ Տեղական արտադրողները ինչպես հայկական, այնպես էլ միջազգային շուկայում մրցունակ լինելու զգալի ներուժ ունեն, ինչը կյանքի կոչելու համար անհրաժեշտ է գրագետ մշակված բիզնես, այդ թվում և մարքեթինգային ռազմավարություն», - նշում է ռուսաստանյան հայտնի Fashion Consulting Group ընկերության համահիմնադիր ու կոմերցիոն տնօրեն, Առևտրի միջազգային կենտրոնի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի խորհրդատու Անուշ Գասպարյանը, ով նորաձևության մարքեթինգի ոլորտում ավելի քան 20 տարվա փորձառություն ունի։
Արևելյան գործընկերություն, առևտրի համար պատրաստ. EU4Business-ի նախաձեռնության շրջանակում Անուշը խմբային և անհատական առցանց խորհրդատվություն է տրամադրել ավելի քան 20 փոքր և միջին տեղական ձեռնարկությունների, որոնք ձգտում են բարելավել իրենց մրցունակությունը և դուրս գալ միջազգային շուկա։ Սեմինարը կազմակերպվել էր Առևտրի միջազգային կենտրոնի և ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության կողմից։
«Հայկական արտադրանքի 52%-ն արտահանվում է ԵԱՏՄ, 45%-ը՝ Եվրոպա և 3%-ը՝ այլ շուկաներ: ՄԱԱԶԿ բազմամյա փորձը դիտարկելով՝ սեմինարի համար ընտրվել են այն թեմաները, որոնք հայկական ընկերություններին հնարավորություն կընձեռեն խորը գիտելիքներ ունենալ շուկաների առանձնահատկությունների մասին և նպատակաուղղված կիրառել ռեսուրսները՝ արտահանումը բարելավելու համար», - նշում է ՄԱԱԶԿ ծրագրի համակարգող Արաքսյա Գրիգորյանը: 2014թ.-ից սկսած ՄԱԱԶԿ «Հայաստանի արտահանման ուղղվածություն ունեցող ճյուղերի մրցունակության բարձրացում արդիականացման և շուկան մատչելի դարձնելու միջոցով» ծրագիրն օգնում է նոր շունչ հաղորդել Հայաստանում հագուստի և կոշիկի արտադրության զարգացմանը և խթանել արտահանումը:
Վեցօրյա սեմինարի շրջանակում միջազգային փորձագետն օգնեց մասնակիցներին ավելի խորը հասկանալ իրենց բիզնեսների առջև ծառացած խնդիրները, որոնք հիմնականում առնչվում էին գնային սեգմենտավորմանը, հաղորդակցության ու վաճառքի ուղիների գրագետ օգտագործմանը, արտահանմանը և Քովիդ-19 համավարակի արդյունքում առաջացած տնտեսական մարտահրավերներին։ Անուշն արժեքավոր խորհուրդներ տրամադրեց այս խնդիրների լուծման նպատակով՝ մատնանշելով ընկերությունների մրցակցային առավելությունները։ Միջոցառմանը մասնակցել են ավելի քան 40 ղեկավարներ, առաջխաղացման ու վաճառքի պատասխանատուներ և դիզայներներ 23 ՓՄՁ-ներից։
«Հաջողության հասնելու համար յուրաքանչյուր ընկերություն պետք է կարողանա խաղալ տվյալ շուկայի կանոններով, ինչը ենթադրում է մրցակցային դաշտում սեփական դիրքի մասին հստակ պատկերացում ունենալ, պոտենցիալ պատվիրատուին կամ գնորդին թիրախավորելու և գրագետ գնային քաղաքականություն վարելու հմտություններ։ Չափազանց կարևոր է նաև սեփական ծառայությունները գրագետ կերպով ներկայացնել ու չվախենալ ագրեսիվ մարքեթինգային ռազմավարություն վարելուց», - ավելացնում է միջազգային փորձագետը։
Արտահանման պատրաստվող ընկերություններին Անուշը խորհուրդ է տալիս առաջին հերթին մանրամասն ուսումնասիրել արտահանման շուկան և մրցակցային դաշտը։
«Շատ տեղական ընկերություններ դիտարկում են Ռուսաստանը որպես առաջնային արտահանման շուկա։ Նրանք պետք է գիտակցեն, որ բրենդերի հագեցվածությամբ Ռուսաստանը Եվրոպայում երկրորդն է Միացյալ Թագավորությունից հետո, և այստեղ մրցունակ պրոդուկտ առաջարկելը չափազանց կարևոր է»,- նշում է Անուշը։
Նորաձևությունը քովիդյան ճգնաժամի արդյունքում տնտեսության ամենից շատ տուժած ոլորտներից է աշխարհում։ Fashion Consulting Group ընկերության տվյալներով՝ 2020թ․-ի հունվար-ապրիլ ամիսներին նորաձևության ոլորտում գործող ընկերությունների միջին շուկայական արժեքը նվազել է 40%-ով։ Սբերբանկի տվյալներով՝ Ռուսաստանում առևտրի կենտրոններն արդեն կորցրել են մինչև 90% եկամուտ։
Քովիդ-19-ը խախտել է ինչպես միջազգային, այնպես էլ տեղական ձեռնարկությունների պլանները, ինչի արդյունքում բազում պատվերներ սառեցվել են: 2020թ․-ն ապացուցեց, որ քովիդյան ճգնաժամին կարողացել են դիմակայել միայն այն ընկերությունները, որոնք օֆլայն միջոցներին զուգահեռ կիրառում էին նաև հաղորդակցության թվային լուծումներ՝ ավելացված ու վիրտուալ իրականություն, հաճախորդների սպասարկման ավտոմատացված համակարգեր, խաղաֆիկացում, ինֆլուենսեր մարքեթինգ և այլն։ Collective Bias գործակալության հարցման արդյունքում պարզ է դարձել, որ գնորդների 30%-ն ուշադրություն է դարձնում այն ապրանքներին, որոնք գովազդում են ոչ թե ոլորտի առաջատարները, այլ բլոգերները։
«Անուշի խորհրդով փորձելու ենք անցնել առցանց հարթակների և մեծամասշտաբ ցուցահանդեսների մասնակցել։ ՄԱԱԶԿ ծրագրի աջակցությամբ արդեն պատրաստվում ենք մասնակցելու առցանց ցուցահանդեսի», - նշում է Տեքսաս ՍՊԸ-ի ադմինիստրատոր Աննա Մուրադյանը։
Համաձայն ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տվյալների՝ 2018թ․-ին Հայաստանից արտահանվել է ավելի քան 214 միլիոն, իսկ 2019թ․-ին՝ ավելի քան 167 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք հագուստ ու կոշիկ։
Արևելյան գործընկերություն, առևտրի համար պատրաստ. EU4Business-ի նախաձեռնությունը 2017թ․-ից ի վեր անհատական լուծումներ Է տրամադրում տեղական ՓՄՁ-ներին՝ օգնելով միջազգային շուկայի պահանջներին համապատասխան բարձր արժեքով ապրանքներ արտադրել և կապելով միջազգային գնորդների հետ՝ հատկապես ԵՄ-ի տարածքում: