Արմինֆո. Եթե Ամուլսարի նախագծի ՇՄԱԳ-ը (շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման) չի համապատասխանում չափանիշներին, ապա այն պետք է անվավեր ճանաչվի: Այդ մասին օգոստոսի 12-ին ԱԺ ամբիոնից հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
Ավինյանն ընդգծել է, որ Ամուլսարի վերաբերյալ հետագա քննարկումները, հաշվի առնելով բնապահպանների եւ "Լիդիան Արմենիա" ընկերության կարծիքները, պետք է անցկացվեն օրենսդրության եւ կառավարության որոշումների գործող կանոնակարգի շրջանակներում: Այն դեպքում, եթե Ամուլսարի նախագծի ՇՄԱԳ-ը չի համապատասխանում չափանիշներին, ապա այն պետք է անվավեր ճանաչվի։ Բացի այդ, պահնորդական ծառայություն իրականացնող կազմակերպությունը կարող է զրկվել լիցենզիայից, եթե իսկապես հիմքեր կան այդ որոշման համար: "Ամուլսարի խնդիրը բազմաշերտ է, եւ մեր կողմից նախկինում արված բոլոր հայտարարությունները մնում են ուժի մեջ", - նկատել է Ավինյանը:
Ամուլսարի նախագծի ընդհանուր արժեքը կազմում է 370 մլն դոլար: Հանքավայրի շահագործման ժամկետը կազմում է 10 տարի եւ 4 ամիս: Ընդ որում, տարեկան կտրվածքով նախատեսվում է արդյունահանել միջինը 200 հազար ունցիա ոսկի: Հավելենք, որ Lydian Armenia-ն բրիտանական օֆշորային Lydian International-ի դուստր ձեռնարկությունն է: Բնապահպաններն ու շարքային քաղաքացիները մտահոգված են, որ հանքի շահագործումը կարող է հանգեցնել Ջերմուկի եւ Սեւանա լճի հանքային ստորերկրյա ջրերի աղտոտմանը: Բացի ջրային ավազանից, հանրության մտահոգությունն է առաջացնում նաև հանքավայրում ուրանի երեւակումների հնարավոր առկայությունը։ Բնապահպաններն ու ակտիվիստները պահանջում են անվավեր ճանաչել ՇՄԱԳ նախագծի վերաբերյալ դրական եզրակացությունը, քանի որ այն ընդունվել է օրենսդրական խախտումներով, իսկ բուն փաստաթղթում առկա են բացթողումմներ և թերություններ: