Արմինֆո.։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորութամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են տնտեսության տարբեր ճյուղերում հակաճգնաժամային նոր միջոցառումների իրականացմանը վերաբերող հարցեր:
«Այսօր հավաքվել ենք քննարկելու ճգնաժամային իրավիճակում մեր տնտեսությանն աջակցելու հետագա քայլերը: Մինչև հիմա ընդունել ենք հակաճգնաժամային 22 միջոցառում, որոնց մի մասն ավարտվել է, մի մասն ընթացքի մեջ է: Մենք այս օրերին առանձին ոլորտների ներկայացուցիչների հետ քննարկումների արդյունքում կկայացնենք որոշումներ, բայց նաև ռազմավարություն ունենալու խնդիր ունենք, թե ինչպե՞ս ենք պատրաստվում հաղթահարել տնտեսական ճգնաժամը: Հույս ունենք, որ առողջապահական հատվածում արդեն հաղթահարման փուլում ենք և եկել է ժամանակը, որ ավելի ինտենսիվ զբաղվենք տնտեսական բլոկում մեր անելիքներով»,- նշել է վարչապետ Փաշինյանը:
Այնուհետև քննարկվել են ճգնաժամից տուժած զբոսաշրջության ոլորտում աշխատատեղերի պահպանմանը, խաղողի մթերման գործընթացն իրականացնելու և նոր կարողությունների ձևավորման նպատակով կազմակերպություններին արտոնյալ վարկային միջոցների տրամադրմանը, արտահանման և ներմուծման ընթացակարգերի, կառուցապատման չափորոշիչների պարզեցմանը, ինչպես նաև կապիտալ ներդրումների խթանմանը վերաբերող նախագծեր:
Ներկայացվել են տարբեր առաջարկություններ և դիտարկումներ: Խորհրդակցության մասնակիցները համոզմունք են հայտնել, որ ինչպես կառավարության հակաճգնաժամային նախորդ միջոցառումները, այնպես էլ նորերը կնպաստեն տնտեսության վերականագնմանն ու զարգացմանը:
Ամփոփելով խորհրդակցության արդյունքները՝ վարչապետը հանձնարարել է վերը նշված ուղղություններով միջոցառումների նախագծերը բերել վերջնական տեսքի և դրանք ներկայացնել կառավարության քննարկմանն ու հաստատմանը:
RUB | 4.22 | 0.00 |
USD | 388.08 | -0.52 |
EUR | 416.29 | -0.44 |
GBP | 485.57 | -0.41 |
CAD | 284.16 | 0.14 |
JPY | 24.75 | -0.24 |
CNY | 53.55 | -0.08 |
CHF | 425.34 | -0.20 |