Ուրբաթ, 14 Օգոստոսի 2020 20:26

Դատարանը "Թիմ" ՍՊԸ-ին արգելել Է "Վեոն Արմենիա" ՓԲԸ բաժնետոմսերի ձեռք բերման գործարքի կնքումը

Դատարանը "Թիմ" ՍՊԸ-ին արգելել Է "Վեոն Արմենիա" ՓԲԸ բաժնետոմսերի ձեռք բերման գործարքի կնքումը

Արմինֆո. Օգոստոսի 13-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դա­տարանը բավարարել է «Յուքոմ» փակ բաժնետիրական ընկերության հայցի ապահովման միջնորդությունը մասնակի՝ այն մասով, որ արգելել է «ԹԻՄ» ՍՊ ընկերությանը կնքել «Վեոն Արմենիա» ՓԲ ընկերության բաժնետոմսերի ձեռք­ բեր­ման գործարք և գրանցման ներկայացնել գործարքից ծագող իրավունքները: Այդ մասին  հաղորդել է «Յուքոմի» մամուլի ծառայությունը:

 

«Յուքոմ» ՓԲԸ-ն հայցադիմում էր ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դա­տարան ընդդեմ «ԹԻՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ խնդրելով հաստա­տել, որ առկա պայմաններում «ԹԻՄ» ՍՊԸ կողմից «Վեոն Արմե­նիա» ՓԲԸ բաժնե­տոմ­սերի ձեռքբերման բանակցային գործընթացում «Յուքոմ» ՓԲԸ պատ­կանող չբացահայտված տեղեկատվության օգտագործումը և «ԹԻՄ» ՍՊԸ հիմ­նա­­դիրների կող­մից «Յուքոմ» ՓԲԸ հանդեպ ունեցած ֆիդուցիար պարտավորություն­ների խախ­տումը հանդիսանում է անբարեխիղճ մրցակցություն, ինչպես նաև պարտավորեցնել «ԹԻՄ» ՍՊ ընկերությանը դադարեցնել անբարեխիղճ մրցակցությունը:

 

Նշենք, որ «Յուքոմ»-ը միջնորդել էր կիրառել հայցի ապահովման միջոց, մասնավորապես, «ԹԻՄ» ՍՊԸ-ին արգելել վարել բանակցություններ «Վեոն Արմենիա» ՓԲԸ-ի բաժնետոմսերի ձեռքբերման վե­րա­բերյալ գործարքի կնքման շուրջ, ինչպես նաև կնքել «Վեոն Արմենիա» ՓԲԸ բաժ­նետոմսերի ձեռքբերման բանակցվող գործարքը (ստորագրել գործարքը և գրանցման ներկայացնել գործարքից ծագող իրավունք­ները):

Հաշվի առնելով գործի առանձնահատկությունները՝ «Յուքոմ»-ը ձեռնպահ է մնում հետագա տեղեկատվության տրամադրումից, սակայն գործի հետագա փուլերում, ըստ անհրաժեշտության, հավելյալ պարզաբանումներ կներկայացվեն հանրությանը», - ասվում է հաղորդագրությունում:

 

Հիշեցնենք, որ "Թիմ" ՍՊԸ-ն ստեղծվել է բոլորովին վերջերս՝ "Յուքոմ" ընկերության նախկին թոփ մենեջմենթի կողմից ։ Մինչև "Յուքոմ"-ում կադրային փոփոխությունները խոսք էր գնում հենց այդ ընկերության կողմից "Վեոն Արմենիա"-ի հնարավոր ձեռք բերման, ինչպես նաև "Յուքոմ"-ի հետգնման մասին։ Սակայն այդ գործարքներից ոչ մեկը չի կայացել, եւ, ինչպես կարծում են շուկայի մասնակիցները, որոնք մեկնաբանում են "Թիմի" նոր հայտը, գործարքը միանգամայն կարող է կայանալ: Իսկ Հայաստանից «Վեոն»-ի հեռանալը կապված է ցածր եկամտաբերությամբ փոքր շուկաներում չաշխատելու եւ գլոբալ դաշտում  կենտրոնանալու ընկերությունների այս միջազգային խմբի որոշման հետ։