Արմինֆո. Ասիական զարգացման բանկը $2 մլն կտրամադրի Հայաստանին՝ COVID-19-ին արձագանքման դրամաշնորհային ծրագրի իրականացման համար: Կառավարությունն օգոստոսի 20-ի նիստում հավանություն է տվել բանկի հետ համապատասխան համաձայնագրի նախագծին:
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի խոսքով ՝ ծրագրի շրջանակներում նախատեսվում է ձեռք բերել անձնական օգտագործման պաշտպանիչ առարկաներ, լաբորատոր սարքավորումներ, ռեագենտներ, բժշկական սարքավորումներ և պարագաներ: Նախարարն ընդգծել է, որ ԱԶԲ-ի այս օգնությունը Հայաստանին առաջինը չէ ։ Մինչ այդ ստացվել է նմանատիպ օգնություն, այդ թվում ՝ շարժական ռենտգեն սարքավորումներ, անհատական պաշտպանիչ միջոցներ և այլն:
Հիշեցնենք, որ օգոստոսի 18-ին Ասիական Զարգացման Բանկը (ԱԶԲ) հաստատել է 2 մլն դոլար կազմող դրամաշնորհը Աղետներին արձագանքման ասիական-խաղաղօվիկանոսյան հիմնադրամից (ԱԱԱԽՀ/APDRF)՝ թագավարակի (COVID-19) համավարակի դեմ պայքարում Հայաստանին աջակցելու նպատակով։ Ճապոնիայի կառավարության կողմից ֆինանսավորվող դրամաշնորհը կօգտագործվի լաբորատոր ախտորոշիչ և թեստավորման կարողությունները բարելավելու նպատակով։ Միջոցները կօգնեն նաև ֆինանսավորել խիստ անհրաժեշտ բժշկական սարքավորումների և պարագաների գնումը` բուժման կարողությունները բարելավելու համար, այդ թվում նաև ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում:
«ԱԶԲ-ն լիովին նպատակամետ է օգնել Հայաստանին այս դժվարին ժամանակաշրջանում։ Այս օժանդակությունը կօգնի բավարարել համապատասխան բժշկական ծառայությունների և պարագաների իմաստով առկա կարիքը անհրաժեշտության դեպքում, և համահունչ է կառավարության արձագանքման ազգային ծրագրին»,- ասել է ԱԶԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Պաոլո Սպանտիգատին: «Մենք կշարունակենք սերտորեն համագործակցել կառավարության և զարգացման այլ գործընկերների հետ` COVID-19 համավարակի ազդեցության դեմ պայքարելու համար»:
Ապրիլի 13-ին, ԱԶԲ-ն իր նախնական փաթեթը եռապատկեց միլիարդի՝ COVID-19 համավարակի դեմ պայքարում իր անդամակից երկրների հրատապ կարիքները բավարարելու համար։ ԱԶԲ-ն նաև միջոցառումներ հաստատեց՝ իր գործառնություններն օպտիմալացնելու ուղղությամբ՝ ավելի արագ և ճկուն կերպով օժանդակությունը տրամադրելու համար։ Այցելեք ԱԶԲ-ի վեբ կայքը՝ արձագանքման ընթացիկ միջոցառումների մասին ավելին իմանալու համար։ ԱԶԲ-ն ձգտում է հասնել բարգավաճ, ներառական, ճկուն և կայուն Ասիայի և խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի՝ միաժամանակ պահպանելով ծայրահեղ աղքատությունը վերացնելուն ուղղված իր ջանքերը: Հիմնադրվել է 1966 թվականին, պատկանում է 68 անդամ պետությունների, որոնցից 49-ը տարածաշրջանից։