Երկուշաբթի, 24 Օգոստոսի 2020 13:47
Ալեքսանդր Ավանեսով

Հայաստանի հանքագործների և մետալուրգների միություն․ Հանքարդյունաբերությունը հանցագործություն չէ, այն հարստություն է

Հայաստանի հանքագործների և մետալուրգների միություն․ Հանքարդյունաբերությունը հանցագործություն չէ, այն հարստություն է

Արմինֆո. Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունն իր մտահոգությունն է հայտնում երկրի տնտեսության հիմնասյուներից մեկի՝ հանքարդյունաբերության ոլորտի հանդեպ պարբերաբար կրկնվող անպատասխանատու և հակաօրինական գործողությունների պատճառած բացասական լրջագույն հետևանքների կապակցությամբ։

 

<Ամենատարբեր խմբերի կողմից հետևողականորեն փորձ է  արվում այլևայլ պատճառաբանություններով տապալել կամ խափանել այս կամ այն հանքարդյունաբերական ընկերության բնականոն գործունեությունը: Ստեղծվել է մի իրավիճակ, երբ մի խումբ մարդիկ բնապահպանության քողի ներքո անհիմն մեղադրանքներով  կարող են ձախողել հսկայական ներդրումներ և հարյուրավոր աշխատատեղեր ապահովող ընկերությունների բնականոն գործունեությունը։  Վերջին դեպքը Գեղամասար խոշորացված համայնքի մի խումբ բնակիչների Վարդենիս-Քարվաճառ միջպետական ճանապարհը փակելու ակցիան էր։ Արդեն 2 տարի շրջափակված են Ամուլսարի հանքավայր տանող ճանապարհները, նույն պատկերն է Ախթալայի ԼՀԿ-ում և այլուր: Պարբերական են ոլորտի վերաբերյալ տարածվող կեղծիքներն ու զրպարտանքները։

 

Ժամանակն է քայլեր ձեռնարկել և թույլ չտալ, որ ապօրինությունների այս վարակը՝ տարածվելով վերածվի  հանքարդյունաբերության ոլորտի գործունեության ձախողման անկառավարելի ու վտանգավոր միջոցի, որի հետևանքները կարող են անդառնալի լինել երկրի տնտեսության համար: Միայն այն փաստը, որ վերջին կես տարվա ցուցանիշներով ոլորտի արդյունահանման ծավալները աճել են մոտ 30%-ով, իսկ արտահանումը կազմում է երկրի ընդհանուր արտահանման ծավալների 34%-ը, իր վրա է կրում երկրի խոշոր հարկատուների վճարած հարկային բեռի գրեթե 10%-ը, ուղղակի աշխատատեղով է ապահովում ավելի քան 10 հազար մարդու (հարակից ոլորտների ներգրավվածությամբ՝ գրեթե 60 հազար) պետք է սթափեցնի իր երկրի համար մտահոգ ցանկացած մարդու, որովհետև սա նշանակում է, որ հատկապես ճգնաժամային իրավիճակներում տնտեսության միակ ամուր հենարանը մնում է

հանքարդյունաբերությունը:

 

Հանքարդյունաբերողներն այսօր պետական համապատասխան մարմինների հետ միասին ջանքեր են գործադրում ոլորտի գործունեությունն առավել թափանցիկ, բնապահպանական տեսանկյունից կանխատեսելի ու կառավարելի դարձնելու

ուղղությամբ: Վերջերս Հայաստանը` այդ թվում և հանքարդյունաբերողների ջանքերով, միացավ Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությանը:

Այս հարթակը հնարավորություն է տալիս կառավարությանը, քաղաքացիական հասարակությանը, ինչպես նաև հանքարդյունաբերողներին՝ բոլոր խնդիրները, մտահոգող հարցերը լուծել կառուցողական մթնոլորտում և խստագույնս օրենքի շրջանակներում։ Չի կարելի թույլ տալ, որ առանձին խմբեր՝ առաջնորդվելով իրենց ունեցած գիտելիքներով, կասկածներով կամ ուղղակիորեն ուղղորդվելով այլևայլ շահերով, ապօրինաբար ազդեն պետական բյուջեի եկամուտների և հազարավոր մարդկանց գոյատևման համար կենսական նշանակություն ունեցող ընկերությունների բնականոն գործունեության վրա։

 

Կոչ ենք անում և պահանջում ենք  վերջ տալ ոլորտի հանդեպ անպատասխանատու մոտեցումների նկատմամբ անվճռական արձագանքին, կանխել «բնապահպանական մտահոգությունների» անվան տակ հակաօրինականության տարբեր դրսևորումները և բնապահպանական իրական կամ ենթադրյալ խնդիրներին լուծում տալ պատկան մարմինների միջոցով՝ օրենքի շրջանակներում։

 

Հանքարդյունաբերությունը հանցագործություն չէ, այն հարստություն է, որը պետք է կառավարել խելամտորեն, հաշվարկված և գրագետ՝ կորզելով հնարավոր օգուտները և չեզոքացնելով հնարավոր  վտանգները, այնպես, ինչպես դա արվում է բազմաթիվ բարեկեցիկ, զարգացած և բնապահպանական առումով ընդօրինակելի երկրներում։

 

Կոչ ենք անում ՀՀ կառավարությանը. անսալ մասնագիտական հանրույթի խոսքին և տուրք չտալ երկրի տնտեսությունը սնող աղբյուրը պղտորողների անհիմն

պահանջներին>,- նշվում է  Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության հայտարարության մեջ։